Դատախազությունը չի հստակեցնում, թե ռուս իրավապահները որտեղ են ձերբակալել Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանին, ում ռուսական հատուկ ծառայությունները կասկածում են Ղրիմի կամրջի պայթյունը նախապատրաստելու համար։ Հայկական կողմը նաև չի հստակեցնում՝ արդյո՞ք դիմել կամ դիմելու է ռուսներին՝ իր քաղաքացուն արտահանձնելու համար։
Այս պահին Պետեկամուտների կոմիտեն միայն հաստատում է, որ սեպտեմբերի վերջին Բուլղարիայից Վրաստանի տարածքով Հայաստան է մտել բեռնատար, որի վարորդը եղել է Արթուր Թերջանյանը, սակայն բեռի ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել։
Ռուսական կողմը կատարվածի վերաբերյալ սեփական վարկածը հրապարակեց այսօր՝ պայթյունից երեք օր անց․ ըստ այդմ, այն կազմակերպել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, աջակցել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի երկու և Հայաստանի մեկ քաղաքացի։ Բոլորն էլ ձերբակալված են։
Ըստ Դաշնային անվտանգության ծառայության, բեռնատարում պայթուցիկը քողարկվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթով։ Օգոստոսի սկզբին բեռը Օդեսայի նավահանգստից ուղարկվել է բուլղարական Ռուսե նավահանգիստ, ապա հասել վրացական Փոթի, հետո արդեն՝ Հայաստան: Հայաստանում բեռը մաքսազերծվել է «Ալյանս տերմինալում»։ Ըստ ռուս իրավապահների, այստեղ արդեն փաստաթղթերը կեղծվել ու փոփոխվել են, որից հետո բեռն ուղարկողը դարձել է «ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ» ընկերությունը, իսկ ստացողը՝ Մոսկվայում գրանցված «Լիդեր» ընկերությունը։ Հոկտեմբերի 4-ին արդեն Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռները Վերին Լարսով հատել են ռուս-վրացական սահմանը, հասել և բեռնաթափվել Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մեծածախ պահեստում։ Թե ինչպես է այդուհետ բեռնատարը Արմավիրից հասել Ղրիմ, ռուս իրավապահների հաղորդագրության մեջ չի նշվում։
Հայաստանի գլխավոր դատախազությունը, որն այս օրերին տեղեկություն չէր տրամադրում պայթյունին առնչվող հարցերով, ռուսական կողմի հաղորդագրությունից քիչ անց հայտարարեց, թե հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը քրեական վարույթ նախաձեռնել։
«Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքների մասին ավելի ուշ կտրամադրենք լրացուցիչ տեղեկություն», - ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Ռուսական ու հայկական հաղորդագրություններում, սակայն, որոշ հակասություններ կան։ Նախ, Հայաստանի ընտրողների ռեգիստրում 1985 թվականին ծնված Արթուր Թերջանյան չկա։ Հայաստանի ՊԵԿ-ը նշում է, որ նա նաև Վրաստանի քաղաքացիություն ունի, այդ մասին, սակայն, ռուսական կողմը որևէ բան չի հաղորդում։ Բացի այդ, եթե ռուսական կողմը պնդում է, թե բեռը Երևանում մաքազերծվելուց հետո փաստաթղթեր են կեղծվել, և ուղարկողը դարձել է «ԳԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ»-ը, ապա հայաստանյան ՊԵԿ-ը նշում է՝ ի սկզբանե «ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ»-ի անունով է բեռը Վրաստանից Հայաստան եկել։
Այդ ընկերությունը գրանցված է Ալավերդիում, 100 տոկոսի բաժնետերը Հայաստանի 41-ամյա քաղաքացի Գուրգեն Շլեպչյանն է։ Թե ինչով է զբաղվում, պաշտոնապես չի հաղորդվում։ «Ազատությունն» այսօր եղել է ընկերության գրանցման վայրում, պարզվեց՝ տեղում վարձով մի ռուս տղամարդ է ապրում, ով չի ցանկացել ներկայանալ, միայն հայտնել է, որ տան տերերը ներքևի հարկում են բնակվում։ Ներքի հարկում բնակվող կինը ևս չի ցանկացել նկարահանվել, բայց պատմել է, որ քրեական գործում ներգրավված «ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ- ընկերության սեփականատեր Գուրգեն Շլեպչյանն իր եղբայրն է, ում հաշվառել է իր բնակարանում, թե ինչու՝ չի մանրամասնել։ Միայն ասել է, որ նա բնակվում է Վրաստանի՝ հիմնականում հայերով բնակեցված Շահումյան քաղաքում, զբաղվում է առևտրով։
Ինչ կապ ունի կալանավորված Արթուր Թերջանյանը Գուրգեն Շլեպչյանի հետ, հստակ չէ։
Հայ իրավապահները քննությունից մանրամասներ դեռ չեն հաղորդում։ Պաշտոնական Թբիլիսին, սակայն, արդեն հայտարարել է, որ Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը Վրաստանի տարածքը չի հատել։
«Ո'չ բեռնատարը, ո'չ էլ պայթուցիկով որևէ այլ վագոն Վրաստանի սահմանը չի անցել, ասել է Ֆինանսների փոխնախարար Գեորգի Կակուրիձեն. - «Եթե որևէ մեկը կարող է փաստերով հիմնավորել, որ բեռնատարը հատել է Վրաստանի սահմանը, մենք հետաքննություն կսկսենք և կգտնենք մեղավորներին»։
Բուլղարիայի իշխանությունները ևս երեկ հայտարարել են, թե նման բեռնատար իրենց երկրի տարածքով չի անցել։ «Անհերքելիորեն ապացուցված է, որ Ղրիմի կամրջին պայթած բեռնատարը երբեք Բուլղարիայում չի եղել», - ասել է երկրի վարչապետը։ Այդուամենայնիվ, այսօր Բուլղարիայում ևս հետաքննություն է սկսվել նոր հանգամանքները ուսումնասիրելու համար։