Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը


Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև
Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև

Այսօր հայ-ադրբեջանական սահմանին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Փոխվարչապետները հանդիպել է Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում։

Ըստ արտգործնախարարության տարածած կարճ հաղորդագրության, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի, և պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը:

Սահմանազատման հարցերով հանձնաժողովը ստեղծվեց նախորդ տարի մայիսին։ Այդ մասին հայտարարել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ ՄԻշելը Բրյուսելում մայիսի 22 ին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո. - «Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»։

Հաջորդ օրը Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմերը: Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորեցին փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, ովքեր նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։

Հանձնաժողովերի կազմը հաստատելուց մեկ օր անց՝ մայիսի 24 -ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցերով առաջին անգամ հանդիպեցին հայ -ադրբեջանական սահմանին՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ:

Սահմանազատման հարցով երկրորդ հանդիպումը երեք ամիս անց էր՝ օգոստոսի 30 -ին Մոսկվայում, երրորդը՝ դրանից ևս 2 ամիս անց՝ նոյեմբերի 3-ին Բրյուսելում: Թե հանձնաժողովները ինչ են քննարկել և կա արդյոք որոշակի տեղաշարժ, կողմերը ոչինչ չհրապարակեցին:

Անցած տարվա նոյեմբերից հետո սահմանազատման հարցերի հանձնաժողովի գործունեության մեջ մեծ ընդմիջում էր: Եվ այսօր՝ վերջին հանդիպումից ավելի քան 8 ամիս անց, արտգործնախարարությունը հայտարարեց 4-րդ հանդիպման մասին:

Մինչ այս սահմանազատման հարցը ակտիվ էր այս տարվա հունիսին, երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Քիշնևում Ալիև - Փաշինյանը հանդիպմանը առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց է գրանցվել։ Սակայն հետո թե' Բաքուն, թե' Երևանը հայտարարեցին, որ կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պահնավորվածություն պայմանավորվածություններ չկան։

Ռուսաստանը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է օգնել Ադրբեջանին և Հայաստանին սահմանների սահմանազատման հարցում։ Բացի դրանից,
Ռուսաստանի արտգործնախարարությունը հենց սահմանազատման բացակայությունն է հաճախ նշում որպես հայ-ադրբեջանական միջադեպերին իրենց արձագանքի բացակայության պատճառ:

Մասնավորապես վերջին՝ Հակարի կամրջի վրա դրոշի տեղադրման միջադեպը Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հենց սահմանազատման բացակայությամբ է բացատրել և դարձյալ նշել, որ Ռուսաստանը կոչ է անում սկսել դելիմիտացիայի գործընթացն ռուսական աջակցությամբ և որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին հայ- ադրբեջանական սահմանագծի որոշման հարցում:

XS
SM
MD
LG