Հրագործական արտադրանքների զանգվածային ներմուծումը, վաճառքն ու հրավառությունները շուտով կարգելվեն՝ օրենքի պահանջով:
Հրավառություններ կարող են կազմակերպել բացառությամբ պետական կառույցները՝ պետական կամ համայնքային նշանակության տոների, կամ պետական կամ համայնքային մասնակցությամբ միջոցառումների ընթացքում, երեկ խորհրդարանում պարզաբանեց օրենսդրական փոփոխությունների հեղինակ, իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Այսինքն՝ շարքային քաղաքացիներն, օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ կես տարի անց, այլևս չեն կարող հրավառություններ անել ընտանեկան հավաքույթների կամ առիթների ժամանակ։ Խորհրդարանը երեկ ամբողջությամբ՝ երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծը։
«Մեծ ազդեցություն ունեցող հրավառությունների դեպքում ընդհանրապես ներմուծումն արգելվելու է Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ պետական կամ համայնքային նշանակության տոների, կամ պետական կամ համայնքային մասնակցության միջոցառումների ընթացքում։ Էս մի բացառությունը թողնվել է նրա համար, որ գոնե երկրում հրավառություն լինի, բայց եթե հրավառությունը լինում է, իմանանք, որ կա՛մ պետական, կա՛մ համայնքային նշանակության միջացառում է», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։
Օրենքը խախտողների համար մինչև 3 միլիոն դրամ տուգանք է նախատեսվում։
«Եթե առանց թույլտվության, կամ լիազոր մարմնի թույլտվության սահմանված պայմանների, պահանջների խախտմամբ ընկերությունը փորձի ներմուծել հրավառություններ, առաջին անգամ դա կլինի մեկից մինչև երկու միլիոն դրամ տուգանք, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ մինչև երեք միլիոն դրամ տուգանք կսահմանվի», - ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով՝ սրանով լուծելու են բազմաթիվ մանկահասակ երեխաների խեղումները կանխարգելելու հարցը։
«Տասնյակներ են հատկապես ամանօրյա տոների շրջակայքում անդամահատված մատներով, աչքով, տարբեր օրգաններով երեխաների ընդունելությունները մանկական հիվանդանոցներում», - ասաց Թորոսյանը։
Տորթերի վրա, հարսանյաց արարողությունների ժամանակ պտտվող հրավառությունների, փոքրիկ պայթուցիկների ներմուծման և պահեստավորման համար լիցենզավորում կպահանջվի, պահման հատուկ պայմաններ կսահմանվեն։
Օրենքով կարգելվի նաև 16 տարին չլրացած երեխաներին վաճառել հրագործական արտադրատեսակներ, մասնավորապես, փոքրիկ պայթուցիկներ ու հրավառություններ։
Այս պահին գործող օրենքով արգելվում է հրավառություն անել երեկոյան 23։00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը,օրենքը խախտելու դեպքում նախատեսված է տուգանք։
«Ազատությունը» բազմիցս է անդրադարձել այս խնդրին, հատկապես երևանցիները բողոքում են, որ ժամային այս սահմանափակումը հաճախ խախտվում է, ոստիկաններն էլ կարգազանցներին չեն կարողանում գտնել։