Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին պայթուցիկներից ու հրավառությունից տուժել է 52 հոգի


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տոնական օրերին պայթյուն-ճայթյուններն անպակաս էին փողոցներում, ամանորյա վտանգավոր աղմուկը ֆեյսբուքյան գրառմամբ ընդհատեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Միայն դեկտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին պայթուցիկներից ու հրավառությունից տուժել է 52 հոգի։ 49-ի դեպքում տուժածները ձեռքի տարբեր վնասվածքներ են ստացել։ Արսեն Թորոսյանը գրառմանը կցել էր նաև 10-ամյա երեխայի ձեռքի ռենտգեն նկարները՝ վնասված մատներով։

Պայթուցիկներ ու հրավառության պարագաներ վաճառող երիտասարդը վստահեցնում է՝ այս բոմբերն անվտանգ են, եթե վառելուց հետո նետում ես, երեխաների ձեռքերը վնասվում են, քանի որ նրանք պայթուցիկը ձեռքերի մեջ երկար են պահում։ Ի՞նչ անվտանգ, եթե այս պարագաները, որ վաճառվում են, օրինակ, 50 դրամով, հասանելի են երեխաների համար։

Առողջապահության նախարարությունը տարեվերջին նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է արգելել ճայթուկների վաճառքն ընդհանրապես, իսկ հրավառություն իրականացնել միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա, այսինքն՝ ով երբ ուզի չի կարող սալյուտ խփել իր պաշգամբից և հրդեհել, օրինակ, դիմացի պատշգամբը։

Ճիշտ այդպիսի դեպք այս Ամանորին Ավան համայնքում գրանցվեց։ նախարարությունն առաջարկում է նաև հրավառությունների ժամերը վերանայել՝ երեկոյան տասից մինչև առավոտյան 8-ը ոչ մի աղմուկ։ Շարադրված է նաև աղմուկի վնասարար ազդեցությունը՝ այն ազդում է գլխուղեղի, էնդոկրին և իմուն համակարգերի վրա։

«Վաճառքները շատ-շատ է եղել այս տարի կոնկրետ, չգիտեմ ինչ-ինչ պայմաններով առանց լիցենզիայի վաճառքներ կար շուկայում, առաջինը պետք է հետևել դրան», - ասաց հրավառության պարագաներ վաճառող երիտասարդը։

Այս բիզնեսով զբաղվողները պատմում են, որ այս տարի աննախադեպ շատ հրագործական պարագաներ են վաճառվել փողոցներում, առանց լիցենզիայի։ Առողջապահության նախարարության առաջարկը իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում ունի միայն դրական արձագանքներ։

Արտակարգ իրավիճակների ամանորյա վիճակագրության մեջ զգալի տեղ են զբաղեցնում հրդեհները։ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ Հարություն Չեբեյանն ասում՝ փորձաքննությունները ցույց կտան, թե դրանցից որոնք են պայթուցիկ-ճայթուկների կամ հրավառությունների հետևանք։

«Հրավառության հետևանքով հրդեհների վերաբերյալ տվյալներ այս պահին չունենք, ընդհանրապես գրանցվել է 72 հրդեհ», - նշեց Չեբեյանը։

Ճգնաժամային կենտրոնում առայժմ ամբողջական համեմատական վերլուծություն չկա՝ հետտոնական օրերի արտակարգ դեպքերի վերաբերյալ, բայց նկատում են՝ օրինակ, հրդեհներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները ավելացել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«2019 թվականի դեկտեմբերի 31-ից առ այսօր, այս ժամը գրանցվել է 255 դեպք, որից 123-ը արտակարգ են, տուժել է մոտավոր 75 քաղաքացի, զոհվել է 3 քաղաքացի», - ասաց Հարություն Չեբեյանը։

Այս Ամանորին կտրուկ աճել են հրդեհի կեղծ կանչերը. Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթափոխի հրահանգիչ Վարդանյանն ասում է՝ քաղաքացիների զգոնությունը գնահատում են։

«Գնում ենք և տեղում պարզվում է, որ խորովածի ծուխը նկատվել է որպես արտակարգ», - ասաց Արթուր Վարդանյանը։

Հորդորում են քաղաքացիներին՝ մի քիչ ուշադիր զննել ծուխը և նոր ահազանգել 911։ Այս հեռախոսահամարը պարզվում է, շատ քաղաքացիներ ավելի լավ գիտեն, քան օրվա ամսաթիվը։

«2 ժամ առաջ 911 ծառայությունում ահազանգ ստացվեց, քաղաքացին զանգեց, որը պարզապես ճշտում էր ամիս, ամսաթիվը», - պատմեց Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթափոխի հրահանգիչը։

«Ազատության» նկարահանման պահին Երևանի մի քաղաքացի մի քանի անգամ զանգահարեց Ճգնաժամային կառավարման կենտրոնի տարբեր օպերատորների՝ կատվի հարցով։

«Ստացել ենք կոնկրետ ահազանգը, որ կատվին անհայտ մարդիկ, ում քաղաքացին չէր ճանաչում, կախել էին գրատախտակից», - ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակից Գոհար Նավասարդյանը։

Կենտրոնի հոգեբանը շտապեց կատվի տիրուհու հասցեով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG