Մատչելիության հղումներ

Հրավառությունները Երևանում կթույլատրվեն միայն տոն օրերին՝ Հանրապետության ու Ազատության հրապարակներում


Իշխանական պատգամավորն ու Երևանի փոխքաղաքապետը նախագիծ են ներկայացրել, որով հրավառությունները Երևանում կթույլատրվեն միայն Հանրապետության ու Ազատության հրապարակներում՝ բացառապես տոն օրերին, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:

«Հրավառություններ ներմուծել չի լինի, Պետական եկամուտների կոմիտեն իր զննման արդյունքում եթե տեսնի հրավառություն է, հրագործական արտադրատեսակներ են, որը ներկրվել է ոչ լիցենզավորված կազմակերպության կողմից, որը չունի հրավառություն իրականացնելու պատվեր, բնականաբար, այդ ապրանքը ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն մուտք չի գործի», - ասաց Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

«Պետք է լինի տոն օր, պետք է լինի Հանրապետության հրապարակը, պետք է կա՛մ քաղաքը, կա՛մ նախարարությունը, կառավարությունը կոնկրետ իր պատվերով կազմակերպի լիցենզավորված կազմակերպության կողմից», - նշեց փոխքաղաքապետը:

Ավագանին վերջին նիստում միաձայն կողմ է քվեարկել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած այս նախագծին։ Հրավառությունների արգելքի վերաբերյալ մի նախագիծ էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է երեկ շրջանառության մեջ դրել։ Այս փաթեթն ամբողջությամբ կսկսի գործել, եկող տարվա հունիսից, եթե ԱԺ-ն այն հավանության արժանացնի։

Հրավառ նյութեր ներկրելու իրավունք կունենան միայն լիցենզավորված փոքրաթիվ կազմակերպություններ։ Բայց այսօր էլ կա օրենք, որ լռության ժամերին՝ 23։00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը հրավառություն իրականացնողները պետք է տուգանվեն 100 հազար դրամով, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում՝ տուգանքը կրկնապատկվում է։

Երևանցիները դժգոհ են, օրենքը կա, բայց չի գործում, հարցնում են՝ «Սուրմալուի» ողբերգական պայթյունը պետք է լիներ, որ նոր այս որոշմանը գային պետական այրերը:

«Սուրմալու»-ի դեպքից անմիջապես հետո պետք է լիներ, լավ է ուշ, քան երբեք: Գիշերը 12-ին կարող է հրավառություն լինի, չես հասկանում՝ ինչի վրա են այդպես ուրախանում, մանավանդ, որ դա եղել է անմիջապես պատերազմից հետո կամ «Սուրմալու»-ի դեպքերից հետո», - ասաց բնակիչներից մեկը:

Վերջին տարիներին համացանցը պարբերաբար ողողվում էր Ամանորի պայթուցիկներից վնասված երեխաների լուսանկարներով, գիշերը՝ լուռ երկինքը պայթեցնող մեծածավալ հրավառության կադրերով:

Նախագիծը բացառություն էլ ունի, բացի տոն օրերից մի շարք հատուկ միջոցառումների դեպքում նույնպես կթույլատրվի հրավառություն ու ոչ միայն Հանրապետության ու Ազատության հրապարակներում։ Այդպիսի միջոցառումներից է, օրինակ, առաջիկայում Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլը»։

Պաշտոնյաների խոսքով՝ եթե նախագիծն օրենք դառնա, ապա տուգանքն ավելի բարձր կլինի` 300 հազարից մինչև 2 մլն դրամ։

Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ իսկ եթե լինեն մարդիկ, որոնք հրավառությունն անելու համար պատրաստ են այդ տուգանքը վճարե՞լ, պատգամավորը պատասխանեց. - «Ոչ մի բան բացառել չեմ կարող, բայց այս դեպքում խնդիրը հետևյալն է՝ երբ որ հիմա կա ազատ վաճառք, իր վերահսկողությունը շատ ավելի բարդ է, երբ որ չկա արդեն ազատ վաճառք ու այդ հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետության կամ համայնքի պատվերով, հետևաբար ներկրող ընկերությունն ավելի քիչ քանակությամբ է ներկրում և վերահսկողությունն այստեղ ավելի հստակ է լինում»:

Հեղափոխությունից անմիջապես հետո, երբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում դժգոհել էր, որ հրավառությունները պետք է միայն տոն օրերին թույլատրել, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն արձագանքել էր՝ դժվար է դրանց հետքերով գնալը՝ մինչև ոստիկանները տեղ են հասնում ամեն ինչ ավարտված է լինում։

«Կրակողները չեն սպասում նույն տեղը, մինչև գնում է ոստիկանությունը», - ասել է Օսիպյանը:

«Մի հատ էլ հայտարարություն արեք, որ կրակողներին կոչ ենք անում ևս կես ժամ սպասել: Զարմանում եմ այս քննարկման վրա, հիմա հանրության առաջ կանգնած քննարկում ենք, որ՝ չէ, չի լինի: Կլինի և պետք է լինի: Դուք պետք է լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ», - արձագանքել է վարչապետը:

Այսպիսի պատճառաբանություններ այլևս չե՞ն հնչի, ոստիկանությունը կկարողանա՞ն հայտնաբերել հրավառության հեղինակներին, հետաքրքրվեցինք նախագծի հեղինակից:

«Չեմ բացառում, որ ամբողջական չի լինի այդ, այսպես ասած, թաքուն ներկրումը, բայց վարչարարություն իրականացնող մարմինը շատ ավելի հեշտ կարող է գնալ պահեստում ստուգել: Պայմանական ասել, որ «դու մեկ ամիս առաջ ներկրել ես 10 միավոր հրավառություն, տոն օրեր չի եղել, պատվեր չի եղել, համայնքի ղեկավարի որոշում չի եղել կիրառելու, ուր են, ենթադրենք, քո երկու հրավառությունը», եթե այնտեղ 8 հատ լինի: Այսինքն՝ վերահսկողությունը շատ ավելի հեշտ կլինի», - պատասխանեց Գաբրիելյանը:

Փաստորեն, օրենքը 100 տոկոսով չի կարող «հնարամիտների» առաջ բոլոր դռները փակել։ Նախագծով ոչ միայն Երևանում, այլ առհասարակ՝ երկրում հրավառությունները կլինեն միայն պետական պատվերով։

XS
SM
MD
LG