Մատչելիության հղումներ

«Տրաքեց, ես իմացա, ուղղակի ձեռքիս հարվածեց». պայթուցիկներից ու հրավառությունից ամանորյա օրերին երեխաներ են տուժել


Հրավառության վերջին՝ ճայթյունի փոխարեն պայթյուն, որ ցավալի հետևանք ունեցավ. տասներեքամյա Մինասն Ամանորի գիշերը միջադեպի պատճառով կորցրեց միջնամատի վերին հատվածը. հրավառության միջոցը խանութից գնել ու առանց ծնողների իմացության տան բակում գործի էր դրել՝ հենց արդեն նոր տարում՝ կեսգիշերն անց, չնայած ծնողների հորդորներին ու զգուշացումներին՝ զգո՛ւյշ լինել՝ հեռո՛ւ մնալ տարատեսակ պայթուցիկներից ու հրավառություններից։

«Տրաքեց, ես իմացա, ուղղակի ձեռքիս հարվածեց էդ սայլուտը, բայց մեկ էլ աստիճաններով բարձրացա, տեսա մատս չկա», - պատմեց Մինաս Գեղամյանը:

Ամանորը 13-ամյա տղան ծնողների հետ հիվանդանոցում է անցկացրել։ Մինասի հայրը՝ Նարեկ Գեղամյանն ասում է՝ դեռ լավ են պրծել. տղային ընդամենը մի քանի րոպե զվարճություն պատճառած հրավառության հետևանքը կարող էր ավելի վատը լիներ։ Դրա մասին նաև բժիշկներն են ծնողներին ասել։

«Ցույց են տվել մեզ, որ դաստակ է կտրել-տարել, կամ մի քանի մատ է կտրել-տարել», - ասաց Մինասի հայրը՝ Նարեկ Գեղամյանը:

Տղայի ծնողները վստահ են՝ եթե ուժեղ հսկողություն լիներ ու օրենսդրական կարգավորումներ լինեին, ինչպես տարբեր երկրներում է, իրենք այս խնդրին չէին բախվի։ Հայրը նկատում է՝ օրենսդրությունը պայթուցիկների, հրավառության վաճառքի տարիքային սահմանափակումներ չի նախատեսում։ Հաճախ նաև տոնական օրերին դրսում՝ փոքրիկ սեղանիկներին, են վաճառվում պայթուցիկները։ Ծնողը որքան էլ խիստ լինի, չի կարող վերահսկել երեխայի ամեն մի քայլը, ասում է։

«Իմ ընկերենրը նույնիսկ զարմացած են, որ ես այքան խիստ եմ Մինասի նկատմամբ, որովհետև դա մի վայրկյան է տևում՝ կլինի սայլուտը, հեծանիվը: Տանը մենք այլ բան ենք ասում, դրսում, դպրոցում այլ բան են տեսնում: Ասել եմ ու զարմացել եմ, որ այդքանից հետո էս երեխան գնաց իրեն էդպես վնաս տվեց», - նշեց Նարեկ Գեղամյանը:

Որ օրենսդրական բաց կա, երեք տարի առաջ դեռ նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամներն էին հաստատում ու անհրաժեշտ համարում օրենսդրական փոփոխությունները։

Նման մի առաջարկ Առողջապահության նախարարությունն արեց՝ շրջանառության մեջ դրված օրինագծով առաջարկում էր արգելել ճայթուկների վաճառքն ընդհանրապես, իսկ հրավառություն իրականացնել միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա, հետո նախագծի մշակումը տրվեց Էկոնոմիկայի նախարարությանը։ Գերատեսչությունն առաջարկում էր պայթուցիկների, հրավառությունների վաճառքն արգելել մինչև 16 տարեկաններին։ Փաթեթը հասավ Ազգային ժողով, սակայն դրա ընդունումը հետաձգվեց։

Էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, նախագիծը քննարկվել է տնտեսվարողների հետ, որոշվել է, որ դրանից կտուժեն վաճառքով զբաղվողները։ Թե ինչ է արվելու նախագծի հետ, նախարարությունից դեռ չեն հստակեցնում։

«Մեր երկրում, այդ թվում՝ այս հրավառությունների հետ կապված, մենք եթե մի անգամ ասում ենք՝ վայ: էս ինչ վատ բան ա, հեսա, տեսեք, լուծելու ենք ու արագ ծափահարությունները հավաքում ենք, մենք պրոբլեմը մոռանում ենք, մինչև հաջորդ անգամ այդ պրոբլեմը գալիս ա, մինչև մեզ հիշեցնում են», - ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանը կողմ չէ ոլորտի ծայրահեղ սահմանափակումներին, բայց ասում է՝ պետական գերատեսչությունները պետք է գտնեն խնդրի պատճառները, փորձագետն, առաջին հերթին, ոչ պատշաճ վերահսկողությունն է մատնացույց անում։ Նույն ոստիկանությունը ուժեղացված հսկողություն չի իրականացնում կանխելու դրսում պայթուցիկների վաճառքը, պատասխանատու տեսչական մարմինն էլ՝ ոչ բոլոր վաճառքի կետերում է ստուգումներ իրականացնում՝ պարզելու պայթուցիկների, հրավառությունների պահման պայմանները, ժամկետները։

«Ի վերջո, մենք տեսեք քանի տարի է խոսում ենք, որ ունեցել ենք տարբեր վնասվածքներ, լեսե՞լ ենք արդյոք մեկ դեպք, որ գնանք հետևից՝ հասկանանք՝ որտեղից էին գնել, ի՞նչ պահպանման պայմաններում էր: Ի վերջո, չի բացառվում, որ ոչ թե մարդն է սխալ օգտագործել, այլ, օրինակ, այս ապրանքը պետք է պահվեր չոր ու մութ վայրում, բայց վաճառվել է ինչ-որ սուպերմարկետի դիմաց կաթացող տանիքով հալոցքի պայմաններում, խոնավությունը եղել է ներսում ու պայթյուն է եղել, այսինքն իրականում կոնկրետ իրացնողի մոտ ունեցել ենք խնդիր», - ընդգծեց Պիպոյանը:

Իսկ օրենսդրական բացի ու թերի վերահսկողության հետևանքները ամեն տարեսկզբի վիճակագրությամբ են արտացոլվում, հրավառությունից տուժած տասնյակ երեխաներ և մեծահասակներ։ Այս Ամանորի գիշերը միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ են ընդունել, տարբեր աստիճանի վնասվածքներով: Պաշտոնական ամբողջական վիճակագրություն պայթուցիկներից տուժածների մասին դեռ չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG