Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է մոտ 47 հազար ռուսաստանցի զինծառայող


Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է մոտ 47 հազար ռուսաստանցի զինվոր, չհաշված ուկրաինական վերջին հակահարձակման ժամանակ գրանցված մահերը, պնդում են Meduza և Mediazona հրատարակությունները։

Լրագրողները ուսումնասիրել են «Ռոսստատի» տվյալները, որոնք վկայում են, որ 2022 թվականին Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր երկրում երիտասարդ տղամարդկանց մահացությունը կտրուկ աճել է։

Ռուսաստանի իշխանությունները հազվադեպ են հրապարակում սեփական կորուստների մասին տվյալներ։ Վերջին հրապարակումը եղել է անցած տարվա սեպտեմբերին, երբ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսում էր մոտ վեց հազար զոհերի մասին։

Արդեն 500 օրից ավելի շարունակվող պատերազմը նաև խաղաղ բնակիչների կյանքեր է խլում։ Զապորոժիեի մարզի վարչակազմի ղեկավարի տվյալներով, Օրեխով քաղաքի վրա գիշերային հարձակումից չորս մարդ է մահացել,13-ը վիրավորվել են։

Ուկրաինական կողմը շարունակում է հակահարձակումը

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ասել է, որ զինվորականները հաջողությամբ շարունակում են առաջխաղացումը Բախմուտի ուղղությամբ և հարձակողական գործողություններ են իրականացնում Բերդյանսկի և Մելիտոպոլի ուղղություններում։

Ռուս բլոգերները պատմում են, որ ուկրաինական ուժերը փոքր խմբերով հարձակվում են ռուսական դիրքերի վրա և թիրախավորում են ռուսական թիկունքի դիրքերը, պահեստները և ենթակառուցվածքները։

Ուկրաինական հակահարձակումը քննարկվելու է վաղը Լիտվայի մայրաքաղաքում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Կիևը դեռ չի հաստատել նախագահ Զելենսկու մասնակցություն գագաթնաժողովին։ «Բլումբերգը» սակայն այսօր գրել է, թե Զելենսկին ներկա է լինելու հուլիսի 12-ին կայանալիք ՆԱՏՕ - Ուկրաինա խորհրդի անդրանիկ նիստին։

Նախօրեին պաշտոնական Կիևը հայտարարել էր, թե նախագահի մասնակցությունը կախված է փաստաթղթերից, որոնք դրվելու են դաշինքի անդամ պետությունների ղեկավարների առջև։ Ինքը Զելենսկին պնդել էր, թե Ուկրաինան պետք է Վիլնյուսում ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ հրավեր ստանա։

Միացյալ Նահանգների նախագահը, սակայն, նախօրեին CNN-ին տված հարցազրույցում որոշ փակագծեր է բացել՝ ասելով, թե Ուկրաինան դեռ պատրաստ չէ։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն կկարողանա դիտարկել Ուկրաինայի անդամակցության հարցը միայն պատերազմի ավարտից հետո. - «Չեմ կարծում, որ հիմա, այս պահին, պատերազմի կեսին ՆԱՏՕ-ում միասնական կարծիք կա Ուկրաինային ՆԱՏՕ-ի ընտանիք մտցնել-չմտցնելու հարցում»։

Ջո Բայդենը միաժամանակ հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կշարունակեն Կիևին տրամադրել անհրաժեշտ սպառազինություն՝ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմին վերջ տալու համար։

Մոսկվան պարզում է հարաբերությունները Անկարայի հետ

Պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան համագործակցում էր հակամարոտղ երկու կողմերի հետ, սակայն անցած շաբաթ առաջին կտրուկ քայլն արեց ընդդեմ Ռուսաստանի։ Դա փաստել է նաև Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը։ Նա ՏԱՍՍ-ին ասել է, որ «Ազովի» հրամանատարներին» Ուկրաինա վերադարձնելու մասին Անկարայի որոշումը, ինչպես նաև Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու մասին Անկարայի հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական երկրի։

«Ազովստալ»-ի պաշտպանության հինգ հրամանատարները ռուսական գերությունից ազատվելուց և Թուրքիայում մի քանի ամիս հսկողության տակ անցկացնելուց հետո հուլիսի 8-ին վերադարձել են Ուկրաինա։ Նրանք տուն են ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ով մինչ այդ Թուրքիայում հանդիպել էր Էրդողանի հետ։

Զելենսկին հատուկ շնորհակալություն է հայնտել թուրքական կողմին. - «Ես նաև երախտապարտ եմ թուրքական կողմին և անձամբ նախագահ Էրդողանին մեր տղաներին ազատելու հարցում ցուցաբերած օգնության համար»։

Ընդ որում, Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանն ասել է, թե Անկարան առանց որևէ պայմանի է վերադարձրել «Ազով» գնդի հրամանատարներին։

Կրեմլն այսօր շտապել է հայտարարել, թե թուրքերը խախտել են մինչև պատերազմի վերջը «Ազովի» հրամանատարներին Թուրքիայում պահելու պայմանավորվածությունը։ Միաժամանակ, Պուտինի խոսնակը խուսափել է կտրուկ և կոշտ գնահատականներից. - «Իհարկե, որպես ժամանակակից պետություն, Թուրքիան բացարձակ իրավունք ունի հարաբերություններ զարգացնել ցանկաված երկրի, այդ թվում Ուկարինայի հետ։ Սակայն, լինելով Թուրքիայի դաշնակից, մենք ուզում ենք հույս ունենալ, որ այդ հարաբերությունների զարգացումը մեր դեմ չի ուղղվի»։

Պեսկովը փաստել է, որ առայժմ Էրդողան-Պուտին հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա, բայց և ընդգծել, որ Մոսկվան շարունակում է շփումները տարբեր խողովակներով և ակնկալում է պարզաբանումներ ստանալ կատարվածի մասին։

«Մենք դա հաշվի կառնենք հաջորդ պայմանավորվածություններում», - ընդգծել է Պուտինի խոսնակը՝ առանց հավելյալ մանրամասների:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG