Մատչելիության հղումներ

Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ խոսել է «Ազովի» հրամանատարների վերադարձի մասին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ քննարկել է «Ազով» գումարտակի հրամանատարների վերադարձը Ուկրաինա, տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի շուրջ՝ շեշտը դնելով Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների վրա, այդ թվում՝ «Ազովի» առաջնորդների՝ Ստամբուլից Կիև վերադարձի հետ կապված իրավիճակի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ռուսական կողմի՝ Լավրովն Անկարայի ուշադրությունը հրավիրել է «կուրսի ապակառուցողականության» վրա՝ կապված Կիևին ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարման հետ՝ ասելով, թե նման քայլերը կարող են հանգեցնել միայն բացասական հետևանքների։

Արտգործնախարարները վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «հարաբերությունների վստահության բնույթը պահպանելու և ամրապնդելու» անհրաժեշտությունը՝ երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների հիման վրա։

Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա են վերադարձել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներ։ Մարիուպոլի «Ազովստալ» հսկա գործարանի պաշտպանները անցյալ տարի հանձնվել էին, իսկ հրամանատարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջնորդությամբ տեղափոխվել էին Թուրքիա, որտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։

10 ամիս անց նրանք վերադարձան Ուկրաինա։ Շաբաթ օրը Զելենսկին տեսանյութ էր հրապարակել, որտեղ նրանք թուրքական օդնավակայանում նստում են Ուկրաինայի նախագահի օդանավը։

Ռուսաստանցի ազգայնական բլոգերները «Ազովի» հրամանատարների վերադարձը Ռուսաստանի ստորացում են համարել։

Կրեմլի խոսնակ Պեսկովը դա համարել է Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ի ճնշման արդյունք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG