Մատչելիության հղումներ

21-ամյա երիտասարդը ձերբակալվել է Փաշինյանի նկատմամբ խուլիգանական արարք կատարելու կասկածանքով


Անգլիական այգում վարչապետ Փաշինյանի նկատմամբ առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով անցած կիրակի ոստիկանությունը բերման է ենթարկել 21-ամյա Դավիթ Ավետիսյանին։ Վերջինս ՊՊԾ գնդի գրավման գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի որդին է։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ, Քրեական օրենսգրքի 297 - րդ հոդվածի առաջի մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով խափանելով։ Կատարվում է քննություն։

Կոմիտեից հայտնում են, որ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ դեռևս քրեական հետապնդում չի հարուցվել, նա ձերբակալված է խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով։ Թե կոնկրետ ինչպե՞ս է երիտասարդը դրսևորել վարչապետ Փաշինյանի նկատմամբ խուլիգանական արարքները, Քննչական կոմիտեն այս պահին չի մանրամասնում։

Փոխարենը Դավիթ Ավետիսյանի փաստաբանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ համաձայն մեկ ոստիկանի կողմից կազմված արձանագրության, իր պաշտպանյալը Փաշինյանին ասել է՝ «դավաճան» և «վիժվածք»։

«Ըստ ոստիկանների գրած զեկուցագրի, ձեռքով հրել է Դավիթը վարչապետին», - ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Արայիկ Պապիկյանը, սակայն, պնդում է՝ այդ մեկ ոստիկանը իրականությունն ամբողջությամբ չի ներկայացրել։ 21-ամյա Դավիթը մոտեցել է վարչապետին ու ասել, որ նա պատասխան է տալու իր զոհված ընկերների համար, իսկ «դավաճան» և «վիժվածք» բառերը ասել է այն ժամանակ, երբ ոստիկանները տապալել են երիտասարդին գետին։

«Այսինքն՝ Դավիթն ի սկզբանե ոչ թե մոտեցել է, որպեսզի ասի՝ դավաճան, այլ ասել է՝ «պատասխան ես տալու իմ զոհված ընկերոջ և մեր տղաների համար», ու փռել են ասֆալտին, նոր այդ բառերը հնչեցրել է: Հենց սկզբնական շրջանում բավականին կոշտ կամ կոպիտ ուժ են գործադրել, նույնիսկ այդ դեպքում, երբ արդեն ձեռքերը ոլորած, պառկացված է եղել, ըստ էության, մեկուսացված է եղել, ծառայողներից մեկը նաև փակել է նրա շնչուղիները: Շնչահեղձ լինելուց է եղել, այդ պահին է առաջացել այդ ինքնապաշտպանական զայրույթը, այդ բառերը հնչեցրել է, երբ ասում է՝ «շնչահեղձ էի լինում», - նշեց Պապիկյանը:

Սակայն փաստաբանը պնդում է՝ նույնիսկ, եթե իրավապահները հիմնվեն ոստիկանի ցուցմունքի վրա, միևնույն է՝ «դավաճան» ու «վիժվածք» բառերը հայհոյանք չեն. - «Դրանք հայհոյանք չեն, դրանք կարող են, օրինակ, դիտարկվել որպես վիրավորանք, իսկ վիրավորանքը շատ վաղուց մեր երկրում ապաքրեականացված է: Նաև կարծում եմ՝ հենց սա է պատճառը, որ արդեն երկրորդ օրն է՝ Դավիթին չեն կարողանում մեղադրանք ներկայացնել»:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ առանց որևէ կարգավիճակի Դավիթը կիրակի օրվանից գտնվում է անազատության մեջ, նրա հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել, իսկ ձերբակալման որոշումն էլ քննիչը կայացրել է առանց իր պաշտպանյալին տեսնելու։ Պաշտպանն արդեն դիմել է դատարան՝ բողոքարկելով 21-ամյա երիտասարդի ձերբակալման որոշումը, քանի որ ինչպես Արայիկ Պապիկյանն է պնդում, այդ որոշումը հիմքեր չունի, ընդամենը փորձ է արվում արջի ծառայություն մատուցել Փաշինյանին։

«Մի պատանի, մի երիտասարդ, մոտենում է Հայաստանի ամենապաշտպանված մարդուն այնքան մոտ, որ կարող էր ձեռքով հպվել նրան և ոչ ոք չկա, պատկերացրեք, որ այդ անձնավորությունը լիներ թշնամական ճամբարից ինչ-որ մեկը.... ես կարծում եմ, այս դեպքը այնքան ցավոտ է իրավապահների համար, որ հերթական արջի ծառայությունն են մատուցելու մի կողմից Նիկոլ Փաշինյանին, որ մենք պատժեցինք, մյուս կողմից էլ հենց անձամբ Փաշինյանը հավանաբար չի կարող տեղյակ չլինել այս պրոցեսների մասին: Ինքը ևս ուզում է իրավապահներից պատասխան ստանա, ու բոլոր սլաքներն այս դեպքում ուղղված են Դավիթի դեմ», - ընդգծեց Փաստաբանը:

Դավիթ Ավետիսյանը պետք է վաղուց ազատված լիներ. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ընդգծում է՝ երբ Փաշինյանը որոշում է դուրս գալ և զբոսնել փողոցներում, նա պետք է պատրաստ լինի քաղաքացիների հետ ցանկացած խոսակցության։ Ալեքսանյանը վարչապետին հիշեցնում է՝ նրանք այն Հայաստանի քաղաքացիներն են, որոնց առաջ գլուխ էր խոնարհում Փաշինյանը, սիրում էր ու հպարտանում էր նրանցով։

«Վաղուց պետք է ազատ արձակված լիներ Դավիթ Ավետիսյանը, իրականում որևէ բան տեղի չի ունեցել, այդ բառերը՝ «դավաճան», «վիժվածք», Փաշինյանը շատ է լսել ընդդիմության բազմաթիվ երթերի, հանրահավաքների, ինչո՞ւ որևէ մեկը բանտում չի հայտնվել մինչև հիմա: Եվ ի՞նչ պետք է ասեր երիտասարդ տղան, եթե ոստիկանները նրան տապալել էին գետնին ու շնչուղիները փակել էին ու Փաշինյանը դրանով չի բավարարվել: Նա մինչև հիմա գտնվում է անազատության մեջ», - ասաց իրավապաշտպանը:

«Ազատության» հարցին՝ այդտեղ ինչ-որ հանցակազմ տեսնո՞ւմ է, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց. - «Սա կարող էր ընդամենը վիրավորանք լիներ և Փաշինյանը չվիրավորվեր, այլ մեծահոգի գտնվեր կամ զրուցեր նրա հետ, առանձին խոսեր, լսեր այդ տղային, ի վերջո, նրա հայրը բանտում է, խոսեր, սա այն քաղաքացին է, որին սիրում էր, անցյալ ժամանակով եմ ուզում ասել այդ «սիրում էր»-ը, որովհետև այլևս չի ասում այդ բառերը նա: Ես չեմ տեսնում հանցանք և ինձ շատ հետաքրքրում է՝ տուժող են ճանաչե՞լ Փաշինյանին»:

21-ամյա երիտասարդի ձերբակալությունից հետո նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը բողոքներ է ներկայացրել Գլխավոր Դատախազություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Առայսօր, սակայն, որևէ արձագանք չեն ստացել։

XS
SM
MD
LG