Մատչելիության հղումներ

Freedom House-ը հորդորում է Փաշինյանին՝ վերադառնալ ԶԼՄ-ների հետ ուղիղ հաղորդակցության տարբերակին


Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունում է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը և ԶԼՄ օրենսդրության շուրջ լայն շրջանակների հետ խորհրդակցություններ ունենալու կառավարության հանձնառությունը:

Անցյալ ամռանը միայն իշխանական պատգամավորների ձայներով ընդունված «ծանր վիրավորանքը» քրեականացնելու օրենքը բազմաթիվ քննարկումների առիթ էր դարձել․ «ծանր վիրավորանքը» ապաքրեականացնելու կոչով Հայաստանին էին դիմել միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Տեղական ու միջազգային փորձագետների տևական քննադատությունից հետո կառավարությունը որոշեց հրաժարվել «ծանր վիրավորանքի» համար քրեական պատասխանատվությունից։ Հուլիսի 1-ից Քրեական նոր օրենսգրքով այս դրույթն այլևս չի գործում։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այս արարքի համար քաղաքացիները կտուգանվեն միայն Քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 միլիոն դրամի չափով։

Freedom House-ը նաև հորդորում է Հայաստանի վարչապետին՝ լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, ներառյալ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները՝ առողջ ու գործուն ժողովրդավարություն ապահովելու նպատակով:

2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով էր պարբերաբար պատասխանում քաղաքացիների հարցերին, սակայն 44-օրյա պատերազմից հետո շփման այս մեթոդը նա գրեթե չի կիրառել։ Պատերազմից հետո վարչապետը չորս անգամ առցանց ասուլիս է հրավիրել, չորս անգամն էլ կառավարությունից պահանջել են, որ ասուլիսի համար հարցերը նախօրոք ուղարկվեն: Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանը, անընդունելի են համարել այս ձևաչափը՝ այն համարելով «խտրական, ոչ արդյունավետ և հակասող խոսքի ազատության և ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին»։

XS
SM
MD
LG