Մատչելիության հղումներ

«Հայաքվե». ստորագրահավաք՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով


Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով մի խումբ քաղաքացիներ՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել։

Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։

«Առաջին կետը նախատեսում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախի ճանաչումը այլ պետության կազմում, երկրորդ կետը նախատեսում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: Ինչո՞ւ հենց այդ երկու կետերը, որովհետև այդ երկու կետերն ուղիղ կերպով նշված են որպես համազգային նպատակներ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին և որպես այդպիսին հանդիսանում են Հայաստանի սահմանադրական կարգի հիմք», - ասաց «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը:

Եթե Հայաստանի 50 հազար քաղաքացիների ստորագրություն հավաքվի, ապա, ըստ Սահմանադրության, հարցը պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ։ Իսկ եթե խորհրդարանն այն չհաստատի՝ անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Ստորագրահավաքը մեկնարկել է նախորդ շաբաթ, նախաձեռնողները դեռ չեն բացահայտում, թե այս պահին քանի քաղաքացի է ստորագրել։

«Ամեն շաբաթվա վերջում «Հայաքվե»-ն նախաձեռնող խումբը կհրապարակի այդ շաբաթվա ընթացքում հավաքված ստորագրությունների թվերը: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ ստորագրահավաքը տեղի է ունենում ֆիզիկական ռեժիմով, ինչպես նաև էլեկտրոնային ստորագրահավաք է տեղի ունենում, երկու թիվն էլ յուրաքանչյուր շաբաթվա վերջում կհրապարակենք», - նշեց Չալաբյանը:

Արդյոք կարող է նախաձեռնությունը հասնել հաջողության այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հայտարարել, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, իսկ խորհրդարանում մեծամասնությունը նրա ղեկավարած թիմն է։ «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը պնդում է՝ վարչապետի խոսքը իրավական հիմք չունի՝ իրենք այս ստորագրահավաքը սկսել են, որպեսզի Փաշինյանի հայտարարությունները իրավական ամրագրում չստանան:

«Նույնիսկ պայմանագիր կնքված չի, խոսքը գնում է բանավոր հայտարարության մասին, որն իրավական ուժ չունի, բնականաբար, որքան էլ որ Ադրբեջանը փորձի ներկայացնել, որ դա իրավական ուժ ունի: Բնականաբար, իրավական ուժ չունի և այդ ամբողջ գործընթացով նախ պետք է անցնել, երկրորդը, մենք հիմա ենք սկսել այս «Հայաքվե»-ի գործընթացը հենց այդ պատճառով, որպեսզի ըստ էության, մենք հակառակ կողմից կարողանանք արգելակել, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու սկսված գործընթացը թույլ չտանք, որ տեղի ունենա», - նշեց նա:

Արդյոք նման նախաձեռնությունը կարող է փոխել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը, երբ Երևանն ու Բաքուն քննարկում են խաղաղության պայմանագրի տեքստը։ Նախաձեռնողները վստահ են, որ իրենք այսպես ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա՝ ցույց տալով, որ Հայաստանի բնակչությունը դեմ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն, ապա` հենց պաշտոնական Երևանի վրա։

Վահագն Ալեքսանյանը չի հավատում, որ նախաձեռնությունը Արցախը փրկելու նպատակ ունի

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Վահագն Ալեքսանյանը չի հավատում, որ այս նախաձեռնությունը Արցախը փրկելու նպատակ ունի։

«Իրենց իսկ բերած նախագծով սահմանված դրույթները պարբերաբար խախտվել են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից, թող կանգնեն ու փաստացի ընդունեն դա, ասեն, թե արդյոք իրենց որոշակիորեն այս օրենքն անդրադառնում է, թե չի անդրադառնում, հետո կխոսենք այն մասին, թե սա ինչի մասին է: Որովհետև քանի դեռ նրանք դա չեն անում, ես կարող եմ պնդել ու պնդում եմ, որ սա միանշանակ ինչ-որ քաղաքական էժան նպատակներ հետապնդող նախագիծ է», - նշեց Ալեքսանյանը:

Փաշինյանի գլխավորած թիմի անդամը «Հայաքվե»-ի հետևում ներքաղաքական նպատակներ է տեսնում. - «Էդ հայտնի քաղաքական շրջանակը ընտրությունների ժամանակ ստացել է մոտավորապես 300 հազար քվե մոտավորապես, գրեթե կամ հենց նույն քաղաքական օրակարգով, բայց փաստացի այդ օրակարգը ինքը չի բերում խորհրդարան, այլ փորձում է բերել այսպես ստորագրահավաքի միջոցով, ինչը փոքր-ինչ տարակուսելի է, որովհետև եթե 300 հազար քվե նույն օրակարգի համար ստացել են, ապա ինչի է իրենց անհրաժեշտ ևս 50 հազար ստորագրություն կամ գուցե ուղղակի ուզում են պարզել, թե հիմա ինչ մակարդակում է իրենց հանրային վստահելիությունը»:

«Ազատության» նկարահանումների ժամանակ ստորագրահավաքի եկած քաղաքացիներն այսօր վստահեցնում էին՝ Արցախը պահպանելու համար բոլոր քայլերին էլ պատրաստ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG