Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ Երևանում քննարկել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:
Արձանագրվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (արհեստավարժ սերժանտական համակարգ, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, կիբեռանվտանգություն, զինծառայողներին և նրանց ընտանիքներին առնչվող սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակում և այլն) պլանավորված համագործակցության առաջընթացը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Անցած տարվա սեպտեմբերին Պապիկյանն էր Կանզասում, հանդիպել էր Լորա Քելլիին, այցելել Կանզասում գործող Սալինայի ուսումնական կենտրոն և հանդիպել Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարին։ Այսօր կողմերն անդրադարձել են Պապիկյանի նախորդ տարվա այցի ընթացքում համագործակցության նոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
Լորա Քելիին և Մայքլ Վեներդին Երևանում են Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Երեկ Վեներդիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։
Պատվիրակության անդամներն այցելել են նաև Արմավիրի ուսումնական կենտրոն, քննարկել արհեստավարժ սերժանտական կազմի պատրաստման գործընթացին առնչվող հարցեր: