Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։
Հայաստանի ռազմական գերատեսչության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։
Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանին։
Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին, ասված է հաղորդագրությունում:
Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն՝ Քոլին Քահլը ընդունել է Սուրեն Պապիկյանին՝ «քննարկելու պաշտպանության բնագավառում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղիները»:
«Դոկտոր Քահլն ընդգծել է Միացյալ Նահանգների նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Ի հավելումն՝ երկու առաջնորդները քննարկել են պատերազմը Ուկրաինայում և փոխշահավետ համագործակցության հնարավոր ոլորտները», - ասված է Պենտագոնի հաղորդագրությունում:
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 5-ին, նախարարն արդեն հանդիպումներ էր ունեցել Կանզաս նահանգում: