Մատչելիության հղումներ

Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ նիստին


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ և չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը:

Պատճառների մասին «Ազատության» հարցին ռազմական գերատեսչությունից դեռ չեն արձագանքել:

Շաբաթասկզբին ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անգործունակ» կառույց։

«Մենք բազմիցս ենք դա նշել, եթե դա խոսելու ձև է, որով առաջ է տարվում ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս հանելու գաղափարը, ապա հարկ է գիտակցել խոսքերի մանիպուլյացիայից բխող սպառնալիքը», - Հայաստանի վարչապետի հայտարարությանը երեկ հակադարձել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով քննարկումներ են եղել։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը պարզաբանել էր՝ հարցն, ամենայն հավանականությամբ, ԱԽ-ում է քննարկվել՝ անցած տարվա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակման օրերին։ Այդ ժամանակ կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով, այդ թվում՝ ռազմական օգնություն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումն ապահովելու համար: Այդ օգնությունը չստացվեց, ՀԱՊԿ-ը միայն դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն հայտնեց։

XS
SM
MD
LG