Ուկրաինայի նախագահը հատուկ հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, թե Ռուսաստանը ահաբեկչություն է նախապատրաստում Զապորոզժիեի ատոմակայանում։
«Ես հենց նոր լսեցի մեր հետախուզության և անվտանգության ծառայության զեկույցը։ Հետախուզությունը տեղեկություն է ստացել, որ Ռուսաստանը դիտարկում է Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչական հարձակման սցենար։ Ճառագայթումը պետական սահմաններ չի ճանաչում, և քամին է որոշում հարվածի ուղղությունը։ Մենք կիսում ենք մեր ունեցած ամբողջ տեղեկատվությունը մեր գործընկերների հետ, աշխարհում բոլորի հետ», - հայտարարել է Զելենսկին:
Նա հորդորում է աշխարհն թույլ չտալ որ նման բան տեղի ունենա. - «Աշխարհը զգուշացվել է, ուստի կարող է և պարտավոր է գործել՝ կանխելու նոր աղետը»։
Կրեմլի խոսնակը, սակայն, «հերթական սուտ» է որակել Զելենսկու այս նախազգուշացումները։
Հակառակորդը նվազեցրել է իր ակտիվությունը և ներկայումս վերախմբավորվում է. Շույգու
Ռուսաստանի բարձաստիճան պաշտոնայները մեկը մյուսի հետևից հայտարարում են, թե Կիևի հակահարձակումը ձախողվել է։ Այսօր այդ մասին խոսել է նաև Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինի նախագահությամբ գումարված Անվտանգության խորհրդի նիստում. - «Վերջին 16 օրվա ընթացքում ակտիվ մարտական գործողություններ իրականացնելուց հետո, կրելով զգալի կորուստներ, հակառակորդը նվազեցրել է իր ակտիվությունը և ներկայումս վերախմբավորվում է»։
Միաժամանակ Շույգուն ընդգծել է, որ չնայած կորուստներին՝ ուկրաինական բանակը ունակ է շարունակել հարձակումը, ուստի ռուսական կողմը պետք է պատրաստվի դրան։
Ուկրաինան հրթիռակոծել է Ղրիմը Խերսոնի մարզին կապող կամուրջները
Ու մինչ Շոյգուն հայտարարում է, թե ուկրաինաիցները նվազեցրել են հարձակողական գործողությունները, հաղորդվեց, որ ուկրաինական բանակը հրթիռակոծել և շարքից հանել է Ղրիմը Խերսոնի հետ կապող ավտոմոբիլային կամուրջները։ Ռուսական կողմի հաղորդմամբ, դրանցով երթևեկությունն այսօր առավոտից դադարեցվել է։ Ընդ որում, ռուսական կողմը հայատարում է, թե ուկրաինացիները հարվածել են Storm Shadow հրթիռներով։ Երկու օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարը սպառնացել էր, որ եթե Ղրիմին հարվածեն ամերիկյան կամ բրիտանական հրթիռներով, Մոսկվան անհապաղ պատասխան հարված կհասցնի Ուկարինայում որոշումների կայացման կենտրոններին։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հաստատել է, որ կամուրջները շարքից հանել են ուկրաինական ուժերը։
Իսկ Լոնդոնում Ուկրաինայի վերականգմանը նվիրված համաժողովի շրջանակներում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շեշտել է. - «Մենք շատ խելացի հարձակողական գործողություններ ենք իրականացնելու։ Այո, ժամանակ կպահանջվի: Մենք պատրաստվում ենք առաջ շարժվել, և ես բացարձակապես լավատես եմ ռուսների կողմից օկուպացված մեր բոլոր հողերի ազատագրման հարցում»։
Շմիգալը հավելել է, որ հակահարձակումը «ռազմական գործողությունների շարք է, երբեմն հարձակողական, երբեմն պաշտպանական»։ Ինչպես և նախագահ Զելենսկին, Շմիգալը նույնպես ասում է, որ արագ առաջխաղացման հիմնական խոչնդոտը ռուսների կողմից ականապատված դաշտերն են։