ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել։
«Խարթումում իրավիճակի վատթարանալուց առաջ՝ քաղաքից դուրս գալու օրերին, երկու հայ քույրերին (քույրերից մեկի անունը Զվարթ Եկավյան է) նույնպես առաջարկվել է լքել քաղաքը, սակայն տարեց քույրը տեղաշարժվելու խնդիր է ունեցել, իսկ կրտսեր քույրը (61 տարեկան) չի ցանկացել դուրս գալ մայրաքաղաքից և մնացել է ավագին խնամելու»,- պարզաբանում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Սուդանի հայ համայնքի անդամներին։
Հայաստանի դիվանագիտական գերատեսչության տեղեկություններով՝ որոշ ժամանակ սուդանցի բնակիչները օգնել են հայազգի քույրերին սնունդ հայթայթելու հարցում, սակայն հետագայում «խնդիրները բարդացել են, և քույրերը օրեր շարունակ առանց սնունդ են մնացել»։
Սուդանում ռազմական դրությունը կտրուկ սրվել է ապրիլի կեսերին․ երկրի կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև ներքին տարաձայնությունների պատճառով զինված բախումների զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ, առնվազն 6 հազարը՝ վիրավորվել։ Ավելի քան երկու ամիս շարունակվող արյունահեղությունը կանխելու միջազգային միջնորդների ջանքերը մինչ օրս արդյունք չեն տվել, հրադադարի շուրջ պայմանավորվածությունները որպես կանոն խախտվում են։
Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց տները, տասնյակ երկրներ հակամարտության առաջին օրերին տարհանել են իրենց քաղաքացիներին։
Սուդանի զինված բախումների առաջին օրերին «Ազատությունը» կապ էր հաստատել Խարթումում գործող հայկական եկեղեցու հոգևոր սպասավոր Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ, որը հավաստիացրել էր, որ եկեղեցին մշտական կապի մեջ է սուդանահայերի հետ, և անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի նրանց տարհանումը։
«Անշուշտ, որևէ պարագային եթե հարց լինի տարհանումի, պիտի համապատասխան միջոցները ձեռնարկենք օգնության հասնելու կամ օգնության ձեռք մեկնելու տիրող պայմաններին ընդառաջ՝ կարելիության սահմաններում»,- հավաստիացրել էր եպիսկոպոս Մնացականյանը՝ շեշտելով, որ այդ հարցով մշտապես կապի մեջ են Հայաստանի կառավարության հետ:
Սուդանում, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, մոտ երկու տասնյակ հայ է ապրում։ Ներկայում, գերատեսչության փոխանցմամբ, 10-12 հոգի դեռ հյուսիս-արևելյան աֆրիկյան այդ երկրում է։ Պաշտոնական Երևանը հայտնում է, որ պատերազմի բռնկումից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպանատան աջակցությամբ տարհանվել է 8 ՀՀ քաղաքացի։