Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անխուսափելի է համարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Մայիսին ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել: Սկզբում Վաշինգտոնում (Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով), ապա՝ Մոսկվայում։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են։ Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը (ԱԳ նախարարների մակարդակով)»,- այսօր լրագրողներին ասել է Բայրամովը՝ նշելով նաև, որ մայիսին կայացած բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը եղել է ապրիլին Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների ճակատագիրը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ՝ հիմնված միջազգային իրավունքին համահունչ 5 հիմնական սկզբունքների վրա։
«Խաղաղությունն անխուսափելի է, հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրվի»,- ասել է նա։
Միաժամանակ Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրով կան կետեր, որոնք համաձայնեցված չեն կողմերի միջև, ուստի բանակցությունները կշարունակվեն։
Ադրբեջանի արտգործնախարարը նաև կարծում է, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր գործընթացներ։
Քիշնևյան բանակցություններից հետո հայ համայնքի հետ հադնիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։