44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հին Թաղերի գործը դատախազությունն ուղարկել է դատարան։
Գլխավոր դատախազությունը հաստատված է համարել Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի հրամանատարների մեղադրանքն ու եզրակացրել, որ նրանց անփութության հետևանքով է հակառակորդը տիրացել մարտական դիրքերի տեղակայման քարտեզին և շրջափակել դիրքը։ Դրանից հետո 9 զինվոր զոհվել է, 2 հոգի՝ գերեվարվել, նրանք ամիսներ անց վերադարձվել են։
Մեղադրյալները երկուսն են՝ 12 մարտական դիրքերի անվտանգության պատասխանատու, հրաձգային գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը և նրա ենթակա, մայոր Վլադիմիր Ղուկասյանը։ Նրանք կալանավորված չեն, երկուսն էլ մեղքը չեն ընդունում, ասում է փաստաբան Հրանտ Վարդանյանը։
«Անտեսանելիության պայմաններում, բնականաբար, զորքին հրաման տալ, որ թողի մարտական դիրքը, իհարկե, դա աբսուրդ է ուղղակի, դատախազության առաջադրած մեղադրանքն անհասկանալի է մեզ համար։ Հրաման եղել է՝ անցեք շրջանաձև պաշտպանության։ Չենք ունեցել տեսանելիություն, և մութ պայմաններ են եղել։ Հայկական զորքը զինված չի եղել գիշերային տեսանելիության սարքերով՝ տեպլավիզորներով նաև», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից մոտ մեկ ամիս անց հաղորդվեց, որ ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են առել Հադրութի շրջանում հայկական մնացած վերջին երկու՝ Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը՝ գերեվարելով 64 պահեստազորայինների։ Նրանց մի մասին Բաքուն վերադարձրեց, իսկ 26-ը դեռ պահվում են ադրբեջանական բանտերում՝ տարատեսական մեղադրանքներով դատապարտվելով մինչև վեց տարվա ազատազրկման։
Հին Թաղերում ադրբեջանական հարձակման դեմ պաշտպանությունը կազմակերպելու պատասխանատու փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանն, ըստ մեղադրանքի, հրամանատարությանը պատշաճ չի զեկուցել ադրբեջանական հարձակման մասին ու սխալ է կառավարել անձնակազմը, ինչից հետո հակառակորդը գրավել է դիրքերը։ Փոխգնդապետի փաստաբանը, մինչդեռ, պնդում է՝ նա կատարել է հենց վերադասի հրամանը՝ անցնել պաշտպանության, այլ՝ ոչ թե դուրս գալ տարածքից։
«Պատճառաբանում են իբր 10-12 ժամ հետո է Ջիվան Մկրտչյանը հայկական դիրքի գրավման մասին զեկուցել, այն դեպքում, երբ որ գործով հաստատված փաստական հանգամանք է, որ Ջիվան Մկրտչյանը և վերադաս հրամանատարությունը ամբողջ գիշեր եղել են կապի մեջ։ Այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե Ջիվան Մկրտչյանը վերադաս հրամանատարության հետ ինչեր էր զեկուցում կամ ինչ էր քննարկում», - ասաց նա։
Փոխգնդապետը փաստաբանին ու իրավապահներին պատմել է, որ շրջափակման մեջ հայտնված դիրքին չի կարողացել մոտենալ մառախուղի և տեսանելիության սարքեր չունենալու պատճառով։ Դիրքի զինվորներն էլ առանց իր հրամանի են փորձել դուրս գալ շրջափակումից ու սպանվել. - «Ոնց աներ, Ջիվան Մկրտչյանը պետք է հայտնվեր մեղադրյալի կարգավիճակում։ Այսօր ամեն մեկը փորձում է փրկել իր մաշկը, և վերադաս հրամանատարությունը ցուցմունք է տալիս իբրև իրեն չի զեկուցվել հայկական դիրքի գրավման մասին ժամանակին»։
Մյուս զինվորականը՝ մայոր Վլադիմիր Ղուկասյանն, ըստ իրավապահներների, հարկադրել է անձնակազմին նահանջել, ինչի հետևանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Ըստ դատախազության՝ մայորը նահանջի ժամանակ դիրքերի տեղակայման քարտեզը դուրս չի բերել, և այն հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում, նրանք էլ տեղեկացել են Հին Թաղերի բոլոր դիրքերի մանրամասներին։ Ղուկասյանի փաստաբանը, սակայն, պնդում է՝ ադրբեջանցիներն արդեն տեղյակ են եղել, թե որտեղ են հայկական դիրքերը։
«Գործով հաստատված փաստական տվյալ է, որ առնվազն 10 օր առաջ՝ դեկտեմբերի 1-ից սկսած, հակառակորդի անօդաչու հետախուզական թռչող սարքերը պարբերաբար թռչել են, հետախուզություն են իրականացրել, ֆիքսել են հայկական զորքերի տեղաշարժը, պլանավորել են չէ՞ այդ հարձակումը, որպեսզի գրավեն և՛ Հին Թաղերը, և՛ Խծաբերդը», - շեշտեց Հրանտ Վարդանյանը։
Մեկ տարի առաջ դատարան է ուղարկվել նաև Հադրութի շրջանի մյուս բնակավայրի՝ Խծաբերդի կորստին վերաբերող գործը։ Մեղադրյալի աթոռին է գումարտակի հրամանատար Արսեն Ղազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ մարտական գործողությունների ընթացքում նա չի կատարել շրջանաձև պաշտպանության անցնելու իր անմիջական պետի հրամանը, փոխարենը ենթականերին նահանջելու հրաման է տվել, ինչից հետո Խծաբերդ գյուղի պաշտպանության համար զբաղեցրած մարտական դիրքերը և Խծաբերդ գյուղն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Ղազարյանը դեռ մեկ տարի առաջ «Ազատությանն» ասել էր՝ մեղքը չի ընդունում. - «Երևի հանձնելու համար պետք է գերեվարումներ կամ զոհեր ունենային, որ հանձնումը հիմնավորեին, իմ կարծիքն է դա: Ես չեմ էլ ուզում քաղաքական այս խաղերի մեջ ներքաշվեմ»։
Անդրադառնալով բարձրադիր Խծաբերդի և Հին Թաղերի դիրքերի կորստին՝ վարչապետ Փաշինյանը դեռ 2021-ին հայտարարել է, որ թեման առնչվում է բարձրաստիճան զինվորականների։ Անցած տարի էլ Փաշինյանը ռուս խաղաղապահների անգործությամբ պայմանավորեց Հադրութի վերջին երկու հայկական գյուղերի կորուստը։ Ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ հայկական ու ադրբեջանական ուժերը պետք է մնային հրադադարի պահին առկա դիրքերում։