Մատչելիության հղումներ

Ֆիրդուսի բնակիչները դժգոհ են` «գերակա շահ»-ը հեղափոխությունից հետո էլ չի վերանայվել. հանրային լսումն էլ անիմաստ են համարում


Ֆիրդուսի փողոցի բնակիչները հույս ունեին, որ գոնե հեղափոխությունից հետո կվերանայվի «գերակա շահ» ասվածն, ու իրենց սեփականության ճակատագիրը կախված չի լինի կառուցապատողից։

Երևանի կենտրոնում գտնվող թաղամասի կառուցապատողի, քաղաքապետարանի, Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների և բնակիչների միջև երկխոսությունը չստացվեց. օրերս հրավիրված հանրային լսմանը ներկա բնակիչների մի մասը լքեց դահլիճը։

«Մեզ ասում են՝ հավաքվել ենք, որ քննարկենք շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն ու բարձրացված հարցերը ներառենք նախագծային լուծումներում։ Մենք էլ ասում ենք՝ մեր սեփական տարածքը չենք ուզում ձեզ վաճառել»,- ասաց դահլիճը լքող բնակիչներից մեկը. «Հյուսիսային պողոտայի շարունակության տարբերակով այս պրոցեսը ուզում էին բրդել: Մենք հիմա հուսով էինք, որ փոխվեցին կարգերը, որ մոտեցումը կփոխվի, եթե մենք չենք ընդունում այդ գերակա շահը, ես գամ, դրա ինչ-որ ածանցյալին մասնակցեմ, որ ի՞նչ»:

Ըստ բնակիչ Ռուբեն Աթոյանի՝ 300-ից ավելի սեփականություն կա Ֆիրդուսի թաղամասի իրացման գոտում, շուրջ 15 տարվա ընթացքում դրանց մի մասի սեփականատերերն ընդունել են իրենց արված առաջարկություններն ու վերցրել փոխհատուցման գումարը։

«Բայց կան մարդիկ, որ չեն ուզում ոչ մի փոխհատուցում, ուղղակի չեն ուզում դուրս գալ իրենց տներից»,- ասաց հանրային լսումից դուրս եկած Աթոյանն ու շարունակեց՝ ոչ ոք իրենց չի բացատրել, թե ինչ են ուզում կառուցել և ինչու հենց իրենց սեփականության տեղում. «13 տարի է` մի բան չեն անում, մի հանդիպում կազմակերպեն, ասեն` ժողովուրդ ջան, սենց բան ենք ուզում անենք, մեկ էլ դու լսում ես, որ սենց մի բան է: Ինչքանո՞վ է հաճելի` ենթադրենք, ինչ-որ մեկը, որ տեսնի` իր տունը գցած է list.am-ում, ոչ մեկին դա հաճելի չի չէ՞ առանց իր գիտության»:

Կառավարության որոշմամբ 2006-ին 33-րդ թաղամասը, որի մեջ մտնում են նաև Ֆիրդուսի ու հարակից մի քանի թաղամասեր, ճանաչվել են գերակա շահ։ Դեռ այդ թվականին հաստատված կառուցապատման ներդրումային ծրագիրը չի կատարվել։ Այնուհետև այս տարածքը գերակա շահ ճանաչելու մասին երկրորդ որոշումն ընդունվել է 2018թ.-ի մարտին՝ Հայաստանի նոր իշխանությունների օրոք։ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, ըստ ծրագրի, կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ են կառուցվելու: Տարածքի շուրջ 11 հազար քառակուսի մետրը կանաչապատվելու է: Կառուցապատող «Սիթի սենթր դիվելըփմենթ» ընկերության ներկայացուցիչ Մարտիրոս Նալբանդյանը մասնակիցներին հորդորում էր խոսել միայն թաղամասի բնապահպանական խնդիրներից. «Օրենքի պահանջով մենք փորձել ենք կազմակերպել այս լսումը գերազանցապես բնապահպանական հարցերի վերաբերյալ: Իմ գործընկերները հասկացան, որ կան սոցիալական խնդիրներ»:

Բնակիչներն ասում են՝ ո՞վ է տեսել այդպիսի հանրային բացառիկ գերակա շահ, որ 2006 թվականից առ այսօր պետք է կառուցվի, բայց չի կառուցվում, այսպիսով «գերակա շահ» ասվածն, ըստ նրանց, ի չիք է դառնում։ Իրացման գոտու բնակիչները վստահ են, թե գերակա շահի մասին օրենքը հատուկ ստեղծված է կոռուպցիոն գործընթացների համար։ Ասում են՝ քանի որ նոր իշխանությունը ոչ մի փոփոխություն այդ օրենքում չկատարեց, ավելին՝ կառուցապատման այս ծրագիրը շատ կարևոր է համարում՝ իրենք մնացել են նույն խնդրի առաջ՝ թե նախկինում, թե հիմա։ Այսօրինակ քննարկումներն էլ անիմաստ են համարում. «Չեմ ուզում դուրս գալ իմ տնից: Ի՞նչ փոխհատուցում, 1000 դոլա՞ր քառակուսի մետրին, դա վերցնեմ, ի՞նչ անեմ ես: Ես, օրինակ, իմ տունը Կենտրոն է, 5000 դոլար եմ ուզում, կտա՞ն, չեն տա»:

Իրացման գոտու բնակիչներն ասացին, որ քաղաքապետարանից սպասելիքներ չունեն, իրենց պահանջներն ուղղված են կառավարությանը, հետևաբար այդ քննարկմանը քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությունն ոչինչ չի տալու իրենց, պնդեցին։

Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանը նույնպես ներկա էր քննարկմանը: «Ազատությանն» ասաց՝ իրենք արել են ավելին, քան կարող էին. հանդիպում-քննարկում են կազմակերպել ծրագրի պատասխանատուի՝ կառավարության ներկայացուցիչների ու բնակիչների հետ, իրենց առաջարկով կառուցապատողը ծրագրից հանել է տարածքի շենքերից մեկը, որը ներառվել է հուշարձան-շենքերի ցուցակում և այլն. «Շատ բնակիչներ կան Ֆիրդուսի, ովքեր երջանիկ են, որ վերջապես այս ծրագիրն ի կատար կածվի, ովքեր արդեն իսկ փոխհատուցվել են, ապրում են նոր բնակարաններում, և այդ մարդիկ երջանիկ են, որ այդտեղից դուրս են եկել, որովհետև շատ ու շատ բնակիչներ ասում են, որ դա այլևս ապրելու տեղ չի»:

Բնակիչների մի մասը դեռ դատարանում վիճարկում են իրենց սեփականության հարցը, թե ինչպես ու ում որոշմամբ են դրանք հայտնվել իրացման գոտում։ Մինչև այդ, ասացին, չեն լքելու իրենց տները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG