Մատչելիության հղումներ

Դատարանն արգելել է հարկադիր ծառայությանը՝ «Դոլմամա» ռեստորանին վտարել Պուշկինի 10 հասցեից


Դատարանն արգելել է հարկադիր ծառայությանը՝ «Դոլմամա» ռեստորանին վտարել Պուշկինի 10 հասցեից, կառուցապատողի այդ պահանջն անհիմն է համարվել։

Անցած տարի ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը հարկադիրից ծանուցում էր ստացել, որ 25 տարի առաջ Երևանի կենտրոնում հիմնադրած իր ռեստորանի մի մասը պետք է հանձնի հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի ընտանիքին պատկանող «Լոքալ դիվելոփրս» ընկերությանը։

Գերակա շահի գոտում հայտնված այս ռեստորանի հարցն արդեն 15 տարի է՝ չի հանգուցալուծվում։

«Սա իմ ռեստորանն ա, ոչ մեկը սա իմ ձեռքից չի կարողանալու վերցնել», - ասաց Ավանյանը։

Ավելի քան 10 տարի առաջ՝ կառավարության որոշմամբ գերակա շահի գոտում են հայտնվել Երևանի կենտրոնի մի քանի հասցեներ, այդ թվում՝ հենց «Դոլմամա»-ինը։

«Եթե կառուցապատողն ուզում է գնել գույքը, ապա սահմանված ժամկետում փոխհատուցվող գումարը պետք է փոխանցի նոտարի կամ դատարանի դեպոզիտային հաշվին։ Երբ դա չի արվում, ապա ըստ գերակա շահի մասին օրենքի՝ կառուցապատողը հրաժարվում է այդ գույքը ձեռք բերել»,- ասում է Ավանյանի փաստաբան Ալինա Ավետիսյանը։

Ըստ նրա՝ դատարանը հենց այս հանգամանքն է համարել ելակետային ու մերժել կառուցապատողի բողոքը, որ ռեստորանի այդ հատվածից «Դոլմաման» պետք է վտարվի։

«Տվել է՝ Ժիրայր Հակոբի Ավանյանի հայցը բավարարել, կատարողական վարույթը կարճել, այսինքն, վտարման այդ գործընթացը չի կարա լինի, փաստ է, որ «Լոքալ դիվելոփրսը» հրաժարվել է, ըստ օրենքի, և հիմա իրենք վերաքննիչ դատարան են բողոքարկել», - ասաց փաստաբանը։

Երկու տարի առաջ կառավարությունը մի շարք հասցեներ, այդ թվում՝ «Դոլմամա»-ի շենքը հանեց օտարվող տարածքների ցանկից, ընդգծելով, որ պետք է պահպանել դրանք՝ որպես մշակութային արժեք։

Կառուցապատող «Լոքալ դիվելոփրս» ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հիշեցնում է՝ դատարանի մեկ այլ որոշում կա, որը չի բեկանվել և ըստ որի՝ տարածքը կառուցապատողինն է։ Բայց այս մի որոշմամբ էլ, ասում է, պարզվեց, որ տարածքը զբաղեցնողին չեն կարող վտարել։ Այդ պատճառով երկու հայցով են մտել դատարան։ Նախ այս՝ չվտարելու որոշումն են բողոքարկում։

«Մեր ձեռը կա վճիռ, մեր ձեռը կա Կադաստրի վկայական, որ գույքը մերն է, մենք էդ փողը տվել ենք իրենց, վարչական դատարանը որոշել է, որ Ժիրայր Ավայանը պետք է մնա մեր տարածքում ու շարունակի աշխատել։ Կամ եթե տենց է, կլինի ես էլ ասեմ՝ «Դոլմամա»-ում կեսը իմն է, կեսը իրենն է, ես էլ քյաբաբ ծախեմ», - ասաց Սիրունյանը։

Հետո կառավարությանն են դատի տվել, որ պարզեն ինչպե՞ս է նույն տարածքի մի մասն իրենցը, մյուս մասը հետո գերակա շահի ցանկից հանվել է. - «Եթե էդ փողոցի 90 տոկոսը արդեն իսկ մեզ է պատկանում, հիմա էս 4-րդ բնակարանը, թե 5, որ հանել եք ծրագրից, կասե՞ք ինչի եք հանել»։

«Դոլմամա»-ի սեփականատիրոջ փաստաբանի պնդումը, որ կառուցապատողը գումարը չի փոխանցել նոտարի կամ դատարանի դեպոզիտային հաշվին, այդպիսով հրաժարվելով գույքը ձեռք բերելու մտքից՝ Սիրունյանին տարակուսանքի մեջ է գցում. - «Լոքալ դիվելոփրսը» մեկի փող պարտք չի, ու իրենք չեն գնում ԴԱՀԿ-ից ստանան, որ էսօր ասեն՝ մենք փող չենք ստացել։ Եղբայր, քո փողը ԴԱՀԿ-ում կախած է վաղուց»։

Ալինա Ավետիսյանը հակադարձում է՝ փոխհատուցման գումարն ինչո՞ւ այնտեղ չէ, որտեղ օրենքն է պարտադրում. - «Եթե դատարանը պարտավորեցնում է ձեզ գույքը հանձնել, իսկ մյուս կողմից ստացվում է՝ պարտավորեցնում է, որ պետք է գումարը տրամադրի, ո՞նց կարա էդ մարդը գումարը չստանա կամ օրենքի խախտումով։ Ինքը նույն հաջողությամբ կարար դներ իր բանկային ինչ-որ հաշվեհամարի վրա, ասեր՝ ընդեղ փող եմ դրել, գնա վերցրու։ Այսինքն՝ էդ նշանակում է՝ մենք իրավունքի տեսանկյունից բացառիկ գերակա շահ պենք հասկանում»։

Ալինա Ավետիսյանը նաև Հյուսիսային պողոտային կից Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի մի խումբ բնակիչների շահերն է դատարանում պաշտպանում։ Փաստաբանի համոզմամբ՝ եթե «Դոլմամա»-ին չվտարելու՝ դատարանի որոշումը վերադաս ատյաններն անփոփոխ թողնեն, ապա այն նախադեպային կդառնա նաև օտարման գոտում հայտնված այս և այլ շենքերի բնակիչների համար։

«Փաստը, որ հաստատվել է, որ16-րդ հոդվածի հիման վրա «Լոքալ դիվելոփրսը» հրաժարվել է գույքը ձեռք բերելուց և այդ մասով կառավարության որոշումը անվավեր է նշված գույքի մասով, և բոլոր իրավական փաստաթղթերը միանշանակ բոլորը կարող են օգտագործել՝ գումարը ժամանակին դեպոզիտ չդնելու համար», - ընդգծեց փաստաբանը;

Նախկին 33 թաղամասի՝ Ֆիրդուսի որոշ բնակիչները նույնպես դեռ շարունակում են իրենց պայքարը՝ որ կառուցապատողը կամ շուկայական գնով իրենց փոխհատուցի, կամ հանգիստ թողնի իրենց։

XS
SM
MD
LG