Մատչելիության հղումներ

Երեկ միանշանակ քննարկվել է արցախահայերի իրավունքների հարցը. Հռիփսիմե Գրիգորյան


Երեկ միանշանակ քննարկվել է արցախահայերի իրավունքների հարցը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

«Ազատություն». - Քննարկվել է արդյո՞ք արցախահայերի անվտանգության և իրավունքների միջազգային մեխանիզմ ստեղծելու հարցը, դա ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը չի էլ ուզում այդ խոսակցությունը լսել, եթե նույնիսկ չի հայտարարում, որ՝ այո, այդ հարցը քննարկել ենք:

Գրիգորյան. - Կարծում եմ՝ որ ավելի քան միանշանակ է, որ հարցը քննարկվել է: Այո, Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում, ցավոք սրտի, չենք կարող ասել, որ երեկ փոխվեց մինչ այդ Ադրբեջանի ամիսներով, տարիներով ունեցած դիրքորոշումից: Նաև Ալիևի մայիսի վերջի հայտարարությունը ևս խոսում է նրա մասին, որ այստեղ մեծ խնդիրներ ունենք: Մենք տեսնում ենք նորից ռազմատենչ հռետորիկա, բայց մյուս կողմից միայն հայկական կողմը չի, որ նշում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման հարցերը, այլ նաև Շառլ Միշելը հստակ ասում է՝ իր հայտարարության մեջ:

«Ազատություն». - Ուրեմն, եթե Ադրբեջանը նույնիսկ համաձայն չէ քննարկել այդ հարցը, ինչո՞ւ է Երևանը շտապում ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

Գրիգորյան. - Ինչի՞ն է Ադրբեջանը համաձայն կամ համաձայն չէ, ինչպիսի՞ հայտարարություններ ադրբեջանական կողմը կանի բանացություններից դուրս և թե ո՞ր լսարանների համար կանի՝ ներքին, թե արտաքին, սրանք բոլորը տարբեր հարցեր են: Մի բան աներկբա է և հստակ՝ ոչ միայն հայկական կողմն է հայտարարում, որ մշտապես, ցանկացած բանակցության ժամանակ՝ կլինեն դրանք Վաշինգտոնում, կլինեն Մոսկվայում, Բրյուսելում, Պրահայում, թե այլուր: Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հարցը, սա դուր է գալիս Ադրբեջանին, թե դուր չի գալիս, սա երկրորդ հարցն է: Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանը, այստեղ ևս ինչո՞ւ է ի վերջո Հայաստանի Հանրապետությունը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հենց նշելով տարածքի չափը՝ ոչ թե անորոշ, շատ պարզ, որովհետև երբ դու ճանաչում ես, միայն այդ ժամանակ նաև կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը կճանաչի քոնը:

«Ազատություն». - Արդյո՞ք փակ դռների հետևում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտների ճակատագիրը: Ես ուզում եմ հիշեցնել Ալիևի պահանջն՝ ապամոնտաժել ընդհանրապես այդ ինքստիտուտները՝ նախագահական, խորհրդարանական և ահա դրան հաջորդում է նաև Վաշինգտոնի հայտարարությունը, որ «համաներումը ողջունում ենք», ուրեմն մի բան խոսվել է, ենթադրում եմ:

Գրիգորյան. - Ինչ վերաբերում է փակ դռների հետևում խոսվածին, ես կարծում եմ, որ բացարձակ տեղին չի լինի, եթե անգամ ես տեղյակ լինեի, մանրամասնեի:

«Ազատություն». - Նկատի ունեմ՝ Արցախի պետական ինստիտուտների ճակատագիրը սկզբունքորեն բանակցային նյո՞ւթ է, թե՞ ոչ:

Գրիգորյան. - Ես կարծում եմ, որ ընդհանրապես ցանկացած հարց, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներին ու անվտանգությանը, ցանկացած հարց բանակցությունների նյութ կարող է լինել: Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, տեղյակ եք նաև, որ Հայաստանի Հանրապետության Արտգործնախարարությունը ևս արձագանքել է, ավելին, ես այսօր տեսա, որ մեր քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ ևս հայտարարություն են տարածել՝ բավականին կոշտ, և հստակ կետերով կոչ են անում ԱՄՆ կառավարությունը ձեռնարկել հստակ քայլեր: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ ոչ միայն մեր պետությունը և ինստիտուտները արձագանքեն, այլ նաև քաղհասարակությունը: Այստեղ մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր կառույցներով հստակ դիրքորոշում ունի հարցերի շուրջ, և սա արտահայտում ենք մեր գործընկերներին ու լիահույս ենք, որ մեր մեսիջները տեղ կհասնեն, որովհետև ինչպես նշված է երկու հայտարարություններում էլ, և հենց ԱՄՆ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում է հասցեագրել այս հարցերը պատշաճ կերպով

XS
SM
MD
LG