Մատչելիության հղումներ

Դեբեդից փրկված Արևիկը ապրում է հոր ընտանիքում


Երեքամյա Արևիկը ցույց է տալիս իրենց տունը, ասում է ով որտեղ է քնում, հետո ցույց տվեց իր հագուստի դարակները, հետո անցավ խաղալիքներին, որոնց մեջ է այն փափուկ արևը, որ Արևիկը նվեր էր ստացել Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնում։

Անցյալ տարի գարնանը աղջնակի մայրը նրան վարարած Դեբեդի ջրերի մեջ էր նետել 4 մետր բարձրությունից։ Արևը հոսել էր ջրերի հետ ու գետում մի ծառ էր արգելակ դարձել նրա փոքրիկ մարմնի համար։ Ալավերդցի մի երիտասարդ աղջնակին ջրից դուրս էր բերել։ Երեխան հիվանդանոց էր տեղափոխվել սալջարդերով, թոքերում ջրահեղձության պատկերով։ 40 օր անցկացրեց հիվանդանոցում, շատերն էին այդ ընթացքում այցելում նրան, հետևում ապաքինմանն ու տագնապում, թե որտեղ ի վերջո կմեծանա փոքրիկը։

«Երեխան բավական դժվարություններ ուներ, մի փոքր տարիքից հետ էր մնում։ Շատ պայծառ երեխա է, ինքը արագ բացվեց, բայց զգացվում էր այդ խնամքի, ուշադրության, ջերմության պակաս», - ասում է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյան​ը։

Հիվանդանոցից հետո շուրջ կես տարի Արևիկը ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում էր։ Անտոնյանն ասում է՝ երկարատև մասնագիտական աշխատանք ու դիտարկում պիտի արվեր։ Կենսաբանական մայրը անազատության մեջ է սեփական երեխային սպանել փորձելու համար։ Հայրը՝ Արթուր Բարսեղյանը, մինչև այդ դեպքը երկրորդ ընտանիք ուներ, հղի կին ու առանց սանհանգույցի, փլվող հանրակացարանային շենքում էին ապրում։ «Ես կպահեմ երեխայիս», - խոսքերը աղջնակի ապագայով անհանգստացածներին հավատարժան չէին թվում։

«Վերաբերմունքը հոր հանդեպ շատ հակասական էր։ Ոմանք կարծում էին, որ փողի համար է վերցնում երեխահին, ոմանք կարծում էին զուտ հայրական էմոցիաներ և այլն։ Ինքը կհայտնվեր շատ լուրջ խնդրի առաջ, եթե որևէ մեկը թարգման չկանգներ իր էմոցիաների, իր ինտելեկտուալ կարողության հանդեպ հարգանքով չվերաբերվեր ու չփորձեր դրանք օբյեկտիվորեն հասկանալ», - ասաց Անտոնյանը։

Նրա խոսքով, ամեն ինչ փոխվեց, երբ հայրը սկսեց պարբերաբար այցելել երեխային, դժվարությամբ գյուղից Երևան էր հասնում, դատարկաձեռն չէր գալիս. - «Շատ սպասում էր երեխան։ Հենց առաջին հանդիպումից։ Հոր առաջին գալ-գնալուց հետո ինքը անհամբերությամբ սպասում էր, թե երբ պիտի նորից գա»։

Արևիկի համար խնամակալ կամ խնամատար ընտանիք չեն փնտրել, սկսեցին աջակցել հայրիկին. - «Մենք գործ ունենք մի մարդու հետ, ով չի կարողանում գիշերը քնել էն մտքից, որ իր երեխան ինչ-որ ուրիշ տեղում է»։

Հետո մի քիչ էլ սպասեցին՝ մինչև հայրիկի նոր ընտանիքում երեխան ծնվի, տեսան, որ ամեն ինչ կարգին է։ Արևիկին ուղարկեցին հայրիկի, նոր մայրիկի ու նորածին քույրիկի մոտ։ Համայնքապետարանը տունն արդեն կարգի էր բերել։

Արևիկի հայրն ասում է՝ սոցիալական դժվարությունները չեն վախեցնում, երկու աղջիկներին էլ ոտքի կհանի, հաճույքով է պատմում, որ Արևն իր կողքից չի հեռանում. - «Ես թաքում եմ տնից դուրս գալիս աշխատանքի գնալիս, հետևիցս լացում ա, չի թողում»։

Վերջերս Արևիկին Արտաշատի մանկական զբոսայգի էր տարել, ինչ ուզեց, առավ։ Կինը՝ Մարիամն էլ հիմա զարմանքով է հիշում՝ աղջնակը հենց տուն մտավ, իրեն մամա կանչեց։ «Սիրում ենք, սիրով ենք ապրում», - ասում է Մարիամը։

Սոցիալական աշխատող տիկին Ռիման պարբերաբար այցելում է, նկատում տան ամեն փոփոխություն. - «Ամեն անգամ երբ որ գալիս ես ընտանիք, տեսնում ես, որ ինչ-որ բան ավելացել է տանը։ Երեխաները միշտ խնամված են»։

Դեռ մեկ տարի էլ տիկին Ռիման այս տուն կմտնի-դուրս կգա, կհետևի։ Ասում է՝ մենք հսկող չենք, աջակցող ենք։

Միրա Անտոնյանը վստահ է, որ Արևիկին հոր մոտ ուղարկելը ճիշտ որոշում էր. - «Լավ է զգում իրեն։ Գուցե չունի աշխարհի ամենալավ խաղալիքները, գուցե չունի «Երևան-պարկ»-երում հանգստանալու հնարավորություն, կարող է ամբողջ կյանքում չունենա։ Բայց երեխան սիրված միջավայրում է, կարևորը դա է»։

Աղջնակի կենսաբանական մայրը անցյալ շաբաթ 9 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Այժմ Աբովյան քրեակատարողականում է։ Փորձաքննությամբ պարզվել է՝ հոգեկան հիվանդություն չունի, երեխային գետն է նետել նրանից ազատվելու համար։

XS
SM
MD
LG