Մատչելիության հղումներ

Դեբեդից փրկված երկամյա աղջնակը հավանաբար կապրի կենսաբանական հոր ընտանիքում


Արևիկն անարգել պտտվում է վերակենդանացման բաժանմունքով մեկ՝ գեղեցիկ հագնված ու բազմաթիվ խաղալիքներով, գույնզգույն մի կետ է այս ծանր բաժանմունքում։

25 օր առաջ երկու տարեկան աղջնակին մայրն էր Դեբեդը նետել, փոքրիկը մի քանի կիլոմետր հոսել էր կեղտոտ ջրերի միջով, այս բուժկենտրոն էր տեղափոխվել ջրահեղձության խնդիրներով։

«Արևիկի վիճակը շատ լավ է։ Որևէ նևրոլոգիական կամ սոմատիկ առումով խնդիրներ չունի», - ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Հիմա երեխան որևէ բուժում չի ստանում, ուղղակի խնամվում է, հիմնականում սիրելի բուժքրոջ՝ Ռիմայի ձեռքն է բռնում։ «Ես ուրիշ ձևի կապվածություն ունեմ իր հետ, ես շատ կտխրեմ, որ ինքը գնա», - ասում է Ռիման։

Բուժկենտրոնը բազմաթիվ զանգեր է ստանում, շատերն են ուզում ստանձնել փոքրիկի խնամքը։ «Միջնորդ են գտնում, ասում են՝ կուզեինք որդեգրեինք, տանեինք երեխային պահեինք» Բնական է, նաև մեր անձնակազմի ներսում կան նման ցանկություններ, առաջարկներ։ Բայց պարզ է, որ դա մեր իրավասությունից դուրս է», - նշում է Դալլաքյանը։

Նա հավելեց, որ այժմ սպասում են, որ պետական մարմինները որոշեն, թե որտեղ պետք է խնամվի Արևը։ Կարևոր է, որ հրաշքով փրկված փոքրիկը ապահով ձեռքերում լինի։ Մի բան, ասում է, հստակ է՝ հիվանդանոցային 25 օրերի ընթացքում ընտանիքի անդամներից ով էլ նրան այցելել է, ոչ մեկի գիրկը չի վազել. - «Փոքրիկները հրեշտակներ են և իրանք ամենալավն են զգում այդ ֆալշը»։

Փոքրիկի մայրը «Աբովյան» քրեկատարողականում է՝ սեփական երեխայի սպանության փորձի մեղադրանքով։ Մինչև այս դեպքը երեխայի հետ երկրորդ ընտանիք էր գտել Ալավերդիում, նախկին ամուսինը Արտաշատի գյուղերից մեկում է երկրորդ կին գտել։

Ո՞ր համայնքի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովն է որոշելու փոքրիկ Արևի ճակատագիրը։ Լոռու մարզպետարանից, Ալավերդու քաղաքապետարանից պնդում են, թե իրենք կապ չունեն։ Իսկ Արտաշատի համայնքապետարանն արդեն ունի որոշում. խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Սուրեն Մկրտչյանն այդ որոշումն այսօր ուղարկել է մարզպետարանի երեխաների իրավունքներով զբաղվող բաժնի ղեկավար Լուսինե Ասատրյանին։

Վերջինս «Ազատությանն» ասաց. - «Ուսումնասիրությունը կատարել ենք խմբով, բոլորը կարծիք հայտնել են։ Հարմար ենք գտել, որ երեխայի շահերից ելնելով, որ հարմար է, որ երեխան ապրի կենսաբանական հոր մոտ»։

Երեխայի հայրը Արթուր Բարսեղյանը Լանջազատ գյուղում անասնապահ է, ապրում է հանրակացարանային շենքում։ Նա ցույց է տալիս այն պայմանները, որ տեսել և լուսանկարել են Արտաշատի, Արարատի սոցիալական ծառայությունների ներկայացուցիչները, սոցապի միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողները։

Արթուր Բարսեղյանն ու իր կինը
Արթուր Բարսեղյանն ու իր կինը

«էստեղ հաց ենք սարքում... Սա էլ քնելու տեղն է», - ասում է նա ու ցույց է տալիս միակ մեկ տեղանոց մահճակալը... Պետական մարմիններից եկած մարդիկ ասել են, որ կօգնեն. - «Իրանք ասին՝ մենք սաղ կբերենք»։

Այս փլվող տարածքում, որտեղ սանհանգույց էլ չկա, ապրում է երկրորդ կնոջ՝ Մարիամի հետ, որը շուտով փոքրիկ պիտի ունենա, որ նախորդ ամուսնությունից յոթնամյա երեխա ունի՝ ոչ թե իր, այլ ծնողների խնամքին, ուրիշ մարզում։

Արթուրն ու նախկին կինը Արևից բացի երկու երեխաներ են ունեցել, որ 4 տարի առաջ Ռուսաստանում ծխախեղդ են եղել ու մահացել։

Մասնագիտական այդ ի՞նչ խումբ է խորքային գնահատում վերնագրով աշխատանքը կատարել ու որոշել, որ մահից մի կերպ փրկված, սթրեսի ենթարկված երեխան պիտի այստեղ դաստիարակվի, մի ընտանիքում, որտեղ ֆինանսական ու հոգեբանական աջակցության սուր կարիք ունեն։

«Լավ ա, վատ ա, ես ուզում եմ, որ իմ մոտ ըլի իմ էրեխեն», - ասում է Արթուրը։ - «Իմ էրեխեն իմ ազգանունով ըլի, ստեղ իմ մոտ մեծանա։ Ես մեծացնեմ իրան, որովհետև հայրը ես եմ։ Հոր ջերմությունն ուրիշ ա, ուրիշի պահելն ուրիշ ա»։

«Կաշխատենք, մենք մեր էրկու էրեխեքին էլ կպահենք։ Ես դժվարություն դրա մեջ չեմ տենում», - ասում է Մաիրամ Բարսեղյանը։

Արթուր Բարսեղյանը իր երկու տարեկան աղջնակի հայրությունը չի ճանաչել, հիմա նոր գործընթաց է սկսել, նախկին կինն էլ Աբովյանի գաղութից հաստատում է տվել, որ հայրն ինքն է։

Արթուրն Արևիկ, նպաստ, օգնություն բառերը օգտագործում է նույն պարբերականությամբ. - «Պայմանները լավ չեն, ասին կօգնենք, ոտի կկանգնացնեն։ Էս ուրիշին կարան օգնեն, մեզի չե՞ն կարա...»

Առայժմ օգնությունները չեն եկել, բայց եթե Արտաշատի խնամակալության հանձնաժողովի նախնական որոշումը վերջնական դառնա, փոքրիկը մի քանի օրից պետք է այս հանրակացարան գա։ Արթուրն ինքնուրույն մեծ խնդիրներ լուծել չի կարող՝ ամսական 120 հազար դրամով են ապրում։

Ինչպե՞ս է ի վերջո գնահատվել այս ամենը։ Հանձնաժողովի նախագահ Սուրեն Մկրտչյանին այս հարցերը նյարդայնացնում են։ «Կօգնենք», - «Ես ամեն ինչ բացատրեցի, մեր ընդհանուր դիրքորոշումը ես ներկայացրեցի։ Իմ կարծիքը մի հարցրեք... Օգնում են, կարգավորում են»։

XS
SM
MD
LG