Դեբեդի ջրերից հրաշքով փրկված աղջնակն ապաքինվում է. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Արևի պես ժպտում է բոլորին, փոխանցում են «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնից: Երկու տարեկան փոքրիկին այսօր վերջապես հարազատներից այցելող է եղել՝ հայրը:
«Երեխան իմ ձայնը լսեց, թե ինչ, աչքերը բացեց, սկսեց` պապա, պապա ասել: Սաղ գիշերը ես չեմ քնել, լացել եմ սաղ գիշերը», - պատմում է փոքրիկի հայրը` Արթուր Բարսեղյանը:
Նա Մասիսի գյուղերից մեկում անասնապահ է, երկրորդ անգամ է ամուսնացել: Ասում է՝ պատրաստ է երեխայի հետագա խնամքը ստանձնել, միայն թե փաստաթղթրի հետ ամեն ինչ չէ, որ կարգին է, հայրությունը երկու տարի առաջ չի ճանաչել. «Կարամ ԴՆԹ անեմ, ապացուցեմ, որ իմ երեխան է»:
Աղջնակի մայրը ձերբակալված է, Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ վաղը կալանքի միջնորդություն են ներկայացնելու, քրեական գործ հարուցվել է սպանության փորձի հատկանիշներով։ 30-ամյա մայրը ոստիկաններին ասել է՝ ինքն է երեխային գետը նետել, ցանկացել է ազատվել նրանից: Կինը 8 ամիս առաջ է ամուսնացել երկրորդ անգամ ու փոքրիկի հետ հարս եկել Հովսեփյանների բազմամարդ տուն:
Ընտանիքում պատմում են՝ երեխային օտարի պես չեն վերաբերվել, սիրել, գուրգուրել են, հիմա էլ պատրաստ են շարունակել խնամքը: Լուսինե Հովսեփյանը` սկեսուրը, Ռուզա Հովսեփյանը` սկեսուրի մայրը, փոքրիկի անունը տալիս հուզվում են. «Տային ինձ, պահեի: Եթե Աստված չանի, Արևիկիս ինձ էլ չտան, ով էլ պահի, ես իմ Արևիկին տեր կկանգնեմ»:
Ինչու է հարսը ոստիկանությունում ասել, թե երեխայից ցանկացել է ազատվել, որովհետև իր նոր ընտանիքում փոքրիկին դեմ են եղել: Լուսինե Հովսեփյանը մտածում է՝ երևի շոկի մեջ է եղել հարսը, գուցե ստիպել են: Պնդում է՝ այդպիսի բան չի եղել, կասկած ունի՝ գուցե հոգեկան խանգարում է ստացել. «Էդ վերջին 10 օրն ինքն ընդհանրապես երեխուն մոտ չէր գալիս, անընդհատ ուզում էր դրսերում լինի, մենակ լինի»:
Երեխային գետը նետելուց հետո էլ սկեսուրին ասել էր, թե «ինձ զանգ եկավ»: Հիմա 30-ամյա կնոջ հայրն էլ է ասում՝ աղջիկը հավանաբար հոգեկան առողջության խնդիր ուներ: Մի քանի տարի առաջ նա նախկին ամուսնու հետ Վորոնեժում էր ապրում, ու այդտեղ վառարանի ծխից մահացել են նրա երկու փոքր երեխաները` էլի աղջիկներ:
«Վորոնոնեժ որ էդ երկու երեխու գլուխը կերել, էլի նույն պատմությունն ա եղել, նրանից հետո ես ասել եմ` նայի, խելոք չպահես, կանչելու եմ, ուղարկելու եմ հոգեբուժարան: Փախավ, գնաց, մի շաբաթ չկար, սաղ տեղերում ման եկանք, չգտանք», - պատմում է Էդվարդ Սմբատյանը:
«Որ գնացի իր մոտ, որ երեխուն ջուրն ընկավ, ինձ կանգնեց, ասաց` երկուսին կորցրեցին, էս մեկին էլ կորցրեցի», - հավելում է Լուսինե Հովսեփյանը:
Նախկին ամուսինը տարակուսում է՝ հոգեկան ի՞նչ հիվանդություն է, որ դրսևորվում է միայն սեփական երեխաներից ազատվելու մղումներով:
Պետությունը պետք է ռիսկային բոլոր ընտանիքներին հասնի, բոլոր համայնքներում՝ սոցաշխատողների միջոցով. Միրա Անտոնյան
«Շատ միամիտ կլինի կարծել ու այդպես բանաձևել, որ բոլոր լքող երեխաներին, վնասող, բռնության ենթարկող մամաները և պապաները հոգեկան հիվանդություն ունեցող մարդիկ են: Շատ միամիտ եզրակացություն կլինի դա: Ո՛չ, այդպես չէ», - նշում է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:
ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում փոքրիկներ են, որ այստեղ են հայտնվել ամենասոսկալի պատմությունների հետևանքնով։ Միրա Անտոնյանի դիտարկմամբ՝ ամենևին էլ հոգեկան առողջության խնդիր ունեցողները չեն վնասում սեփական երեխաներին: Ասում է` այս դեպքում գործ ունենք ռիսկային ընտանիքի հետ, որ պետք է լիներ սոցիալական ծառայությունների ուշադրության ներքո:
«Մոր նախապատմությունը մինչև այս ընտանիքում հայտնվելը, մոր նախկին երեխաների հետ կապված տրագեդիան, ընտրության, այս նոր ընտանիք ձևավորելու պարագայում ստեղծված բավական բարդ իրավիճակը, որովհետև նախ ընտանիքը բազմամարդ է, երկրորդ` մոր անձնական պրոբլեմները», - շեշտում է տնօրենը:
Եթե այսպիսի ռիսկային մոր խնամքին երեխա կա, ուրեմն փոքրիկի խնամքին պետությունը պիտի մասնակցություն ունենար: Ալավերդու համայնքապետարանում սոցիալական աշխատողի մեկ հատիկ հաստիք կա, և այն թափուր է շուրջ մեկ տարի։ Մրցույթ պիտի լինի, ասում է աշխատակազմի քարտուղարը. «Երբ մրցույթ կհայտարարվի, սահմանված կարգով պաշտոնը կզբաղեցվի, ուրիշ ի՞նչ ասեմ: Եթե պաշտոնը թափուր է, ո՞նց կարող է փոխարինող լինել», - «Ազատությանը» փոխանցեց Անուշ Էվոյանը:
Ալավերդին խոշորացված համայնք է և ավելի քան 16 հազար բնակչություն ունի: Մեծ հարց է՝ եթե այդ մեկ սոցաշխատողը լիներ, արդյոք նրա աչքը նախկինում դատված այդ կնոջ ու նրա խնամքին մնացած երեխայի վրա կլիներ։ Միրա Անտոնյանը շեշտում է՝ պետությունը պետք է ռիսկային բոլոր ընտանիքներին հասնի, բոլոր համայնքներում՝ սոցաշխատողների միջոցով: Այդ համակարգը բարեփոխում ու բարեփոխում են՝ առայժմ առանց տեսանելի արդյունքի.
«Ճիշտ կլիներ, որ մի անգամ ոլորտն իր համար գծի իր ցանկալի համակարգը: Ես գոնե չեմ տեսել, գուցե գծված է: Պրակտիկայում ես չեմ տեսնում, որ եթե գծված է, արդեն իրականություն է դարձել», - նշում է Անտոնյանը:
Սոցիալական ծառայությունների անկատարությունից ամենաշատը հենց երեխաներն են տուժում: Որտեղ կմեծանա գետից դուրս բերված փոքրիկը. սա ըստ փորձագետի՝ պետք է քննարկել խորությամբ ու գտնել այնպիսի լուծում, որի դեպքում իրեն լավ կզգա հենց աղջնակը։