Մատչելիության հղումներ

Դեբեդից փրկված երկամյա երեխային հիվանդանոցից տեղափոխեցին ՀՕՖ-ի երեխաների խնամքի կենտրոն


Բուժքույր Ռիման պայուսակն է մեջքին հարմարեցնում, վերակենդանացման բաժնի աշխատակիցները երկու մեծ արկղերն են մոտեցնում։ Օժիտն է ՝ կատակում են։ Դեբեդի ջրերից փրկված աղջնակը ՝ երկու տարեկան Արևը հեռանում է հիվանդանոցից։

40 օր անցկացրեց այս բուժկենտրոնի ամենածանր բաժանմունքում. սկզբում որպես հիվանդ, հետո պարզապես բուժանձնակազմի խնամքին էր, մինչև պետությունը մի լուծում գտնի։

Երեկվանից այս փոփոխությունն զգում էր, - ասում է բուժքույր Ռիմա Հակոբյանը։ Փոքրիկն ամենաշատը նրան ու նրա ձեռքն էր փնտրում. - ««Լացում էր, անընդհատ գրկիս վրա էր։ Չէր ուզում պառկեր, ոչ մի բան չէր ուզում աներ։ Երևի զգում ա, որ պետք ա գնա»։

Աղջնակին մայրն էր գետը նետել։ Նա հիմա Աբովյան քրեկատարողականում է՝ սեփական երեխային սպանելու փորձի համար։ Արևը Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն էր հասել ջրահեղձությամբ, ասպիրացիոն թոքաբորբով ու որովայնի սալջարդով։ Երեկ դարձյալ հետազոտեցին, այժմ կատարյալ առողջ է։

«Աստված փրկեց նրան, մենք շարունակեցինք», - ասում է բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը. - «Ինքը պրակտիկորեն առողջ երեխա է։ Բնական է, մենք իրան կայցելենք որպես արդեն բարեկամներ»։

Շենգավիթի համայնքապետարանի սոցաշխատողներն ու անչափահասների գծով տեսուչն են այստեղ։ Երեխային պետք է տեղափոխեն Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների խնամքի կենտրոն։ Փոքրիկի խնամակալությունն ստանձնելու համար նրա հայրն էր դեպքից հետո դիմել Արտաշատի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովին։

Արթուր Բարսեղյանն Արևի հայրության ճանաչման գործընթացը նոր է սկսել ։ Նա Արտաշատի Լանջազատ գյուղում երկրորդ ընտանիք ունի, հղի կին։ Ապրում են հանրակացարանային խարխուլ շենքում, որտեղ չկան պայմաններ՝ մահճակալից միչև լոգարան, թե' ծնվելիք երեխայի ու թե' արդեն երկու տարեկան աղջնակի համար։

Չնայած այս ամենին՝ Արտաշատի հանձնաժողովը նախնական որոշում էր կայացրել, որ երեխայի լավագույն շահից է բխում, որ նա ապրի կենսաբանական հոր հետ։

Աղջնակի հայրը շռայլ խոստումներ էր լսել՝ կօգնենք, ամեն ինչ կանենք, և հավատացել է։ Այսօր նա մեզ տեղեկացրեց, որ համայնքնապետարանը թեթևակի նորոգում է սկսել իր տանը, բայց վարպետ չի գտնվում, որ տան գործը վերջացնեն, ու Արևին տուն տանի. - «Մարդ չկա, մի ուստա չկա նորմալ... Մենք էլ փող չունենք, որ տանք, արագացնենք գոնե, էրեխուն կարանանք բերենք»։

Թե ով տուն կտանի Արևին, առայժմ պարզ չէ։ Հիվանդանոցից նրան ճանապարհում են զույգ աղավնիներ երկինք թռցնելով։

Բակում Արևին անչափահասների գծով տեսուչը վերցրեց բուժքույր Ռիմայի գրկից։ Մինչ հեռացողները տեղավորվում էին մեքենայի մեջ՝ Ռիման, որ երեք տղա է մեծացնում և այս աղջնակի քաղցրությունն էր վայելել 40 օր հերթափոխից հերթափոխ, ամենատխուրն էր ճանապարհողների մեջ ։

ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը փոքրիկին հենց այստեղ տեղափոխելը ճիշտ որոշում է համարում։ Հիմա, ասում է, արագ, հախուռն լուծումներ պետք չեն. - «Ճանաչել հայրիկին, ճանաչել նոր մայրիկին, դիտարկել հանդիպումները։ Մենք էս ընթացքում, ինչքան որ երեխան կմնա էստեղ, մեր գործը կլինի, որ երեխայի համար հանդարտ, ապահով միջավայր ապահովենք»։

Կենտրոնում կուսումնասիրեն ու մասնագիտակաան եզրակացություն կտան, թե որտեղ պետք է խնամվի երեխան, որ շահերը լավագույնս պաշտպանվեն։

Միրա Անտոնյանը շեշտում է, որ հեշտ չէ կանխատեսել, թե որտեղ է երեխան իրեն լավ զգալու, բայց իրենց 22 տարվա փորձը ցույց է տվել, որ հազվադեպ են սխալվում. - «Դա հայրությունը ճանաչած հայրը կլինի, կամ գուցե ուրիշ մի ընտանիք կլինի... Էս պահին մեր գործը սա կլինի՝ օգնել երեխային դուրս գալ էդ վիճակից, զուգահեռաբար ուսումնասիրել՝ վերադարձի կամ վերամիավորման հնարավորությունը ինչքանով է բխում երեխայի շահերից»։

ՀՕՖ-ի կենտրոնում խնամվող շուրջ 3 տասնյակ երեխաներից ամենափոքրն է Արևը։ Մեծերը խոստացան սիրել, պաշտպանել նրան։

Արևը կենտրոն հասավ քնի ժամին։ Կոշիկները հանել է, ընկեր Լենայի գրկում պինդ դիրքավորվել է՝, հարմար երաժշտություն էլ կա։ Ժպտացին, խաղացին, չքնեցին...

XS
SM
MD
LG