Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) տնտեսական վարչության պետին մեղադրանք է ներկայացվել՝ բժշկական համալսարանի բյուջեից ավելի քան 7 մլն դրամ հափշտակելու համար, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ Կոմիտեի՝ Ս. Բ.-ն, առանց օրինական հիմքերի, նույն համալսարանի շինվերանորոգման բաժնի բանվորներ Վ. Հ.-ի և Ա. Մ.-ի բանկային հաշվեհամարներին, որպես աշխատավարձ, մաս-մաս փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7 մլն 400 հազար դրամ, ապա վերջիններից պահանջել է այն կանխիկացնել և փոխանցել իրեն:
Ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեն է նշում, Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն, կատարելով Ս. Բ.-ի պահանջը, ամբողջությամբ կանխիկացրել ու նրան են փոխանցել գումարը։
Ս. Բ.-ն, Վ. Հ.-ն և Ա. Մ.-ն ձերբակալվել են: Ս. Բ.-ն կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է: