Կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հաստատող կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի բժշկական կենտրոնի 5 բուժաշխատողի։
Ըստ Քննչական կոմիտեի՝ կենտրոնի 2 ընտանեկան բժիշկներ, 2021-ի հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընդամենը մեկ-երկու օր գտնվող Իրանի քաղաքացիների վերաբերյալ կազմել են նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու մասին բժշկական փաստաթղթեր, այնուհետև պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ են կազմել և մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ։
Բացի այդ, ըստ Կոմիտեի, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը, Իրանի քաղաքացիների՝ Հայաստանում չգտնվելու և պատվաստված չլինելու պայմաններում կազմել և հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ, դրանք կրկին մուտքագրել «ԱՐՄԵԴ» համակարգ։
Ինչպես Քննչական կոմիտեն է հայտնում, նույն բժշկական կենտրոնի մեկ այլ ընտանեկան բժիշկ, նույն կենտրոնի մաշկավեներաբանի խնդրանքով, վերջինիս ազգականի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում, կազմել և հաստատել է կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատ, մուտքագրել «ԱՐՄԵԴ» համակարգ։
«Սևանի բժշկական կենտրոն» ընկերության 4 բուժաշխատողի ներկայացվել է կեղծ փաստաթղթեր պատրաստելը կամ օգտագործելու մեղադրանք, իսկ մեկին՝ փաստաթղթեր պատրաստելուն կամ օգտագործելուն օժանդակելու մեղադրանք: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է գործն ուղարկվել է դատարան։