Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի դասախոսներ


Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս, ինչպես նաև վերջիններիս կաշառք տված 5 անձինք, հայտնում է Հակակոռուպցիան կոմիտեն:

Ըստ հաղորդագրության, փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:

Մասնավորապես՝ ըստ հաղորդագրության: Գ. Տ.-ն, առանց ֆակուլտետի ուսանողի գիտելիքները ստուգելու վերջինիս դրական գնահատականներ նշանակելու համար ուսանողից պահանջել է յուրաքանչյուր քննության համար 120.000-ական, ընդհանուր՝ 480.000 դրամ կաշառք, այնուհետև այդ մասին տեղեկացրել է ֆակուլտետի դեկան Հ.Ս.-ին: Ստանալով դեկանի համաձայնությունը՝ Գ. Տ.-ն վերջինիս հետ՝ նշված ուսանողին դրական գնահատական նշանակելու խնդրանքով դիմել են քննություններն ընդունող դասախոսներին:

«Բացի այդ, դեկան Հ. Ս.-ն իր տեղակալ՝ նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Ա. Ն.-ի հետ մեկ այլ ուսանողի օգտին թողտվություն, հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու դիմաց Պ. Հ.-ից ստացել են կոնյակ և 4000 ԱՄՆ դոլար կաշառք», - նշված է հաղորդագրութունում:

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում ֆակուլտետի երկու այլ ուսանողների քննական գործընթացում առանց նրանց գիտելիքները ստուգելու դրական գնահատականներ նշանակելու դիմաց, դեկանն ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում՝ դոցենտ Գ. Տ.-ի հետ, կաշառք են ստացել նրանցից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Տ.-ն ֆակուլտետի մեկ այլ դասախոս Ա. Մ.-ի հետ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, Ա. Մ.-ի մատնանշած ուսանողների մարտին նշանակված քննությունը առանց գիտելիքների իրական ստուգման դրական գնահատելու դիմաց ստացել են կաշառք:

Դեկանին, նրա տեղակալին և հիշյալ երկու դասախոսներին մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG