«Ողջունելով Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ՝ ընդգծում եմ, որ մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ», - իր ուղերձում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, շեշտել է նա՝ կոչ անելով արցախցիներին չվհատվել։
Ըստ նրա՝ Սփյուռքը պետք է ՀՀ-ից պահանջի գործնական քայլեր Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորման ուղղությամբ:
Արայիկ Հարությունյանը դիմել է նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ձեռնպահ մնալ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողությունից ու հայտարարությունից՝ հավատարիմ մնալով ներպետական ու միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններին և համազգային իղձերին ու շահերին. - «Կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին»:
Արցախի խորհրդարանն անընդունելի և առոչինչ էր համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնցում, ինչպես արցախցի օրենսդիրներն են ձևակերպում, «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու դրա իրացման փաստը»։ Փաշինյանի ասուլիսից ժամեր անց՝ երեկ ուշ երեկոյան Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ հրավիրեց ու միաձայն հայտարարություն ընդունեց։ Հայաստանի գործադիրի ղեկավարը երեկ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստամություն հայտնելուց բացի, միաժամանակ շեշտել էր, թե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։
Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արայիկ Հարությունյանը կոչ է անում ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին՝ վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները:
Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, Արցախի նախագահը հայտարարել է՝ կառչած չէ իր պաշտոնից, պատրաստ է համագործակցության. - «Այդուհանդերձ, ոչ մի պարագայում թույլ չեմ տալու ներքին կործանարար իշխանատենչությունը, անձնական նկրտումների բավարարման փորձերը»։
Միաժամանակ նա դադարեցնում է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: