Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին:
Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնում է, որ հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:
«Ողջունել եմ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:
Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Ընդգծել եմ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը», - գրում է Պապիկյանը: