Մատչելիության հղումներ

«Մենք ռոմանտիկ չենք, հասկանում ենք, որ եթե այսօր ռուսները գնան, վաղը Ղարաբաղ կմտնեն թուրքերը»․ ընդդիմադիր պատգամավոր


Դաշնակցությունը շատ լավ հասկանում է, որ այս պահի դրությամբ բոլոր թերություններով, բոլոր չբավարարված ակնկալիքներով հանդերձ, միակ ուժը, որը կարողանում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ռուս խաղաղապահներն են, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե «ընդդիմությունը չի ուզում խոսել ռուսական գործոնի մասին, որն ամենևին այսօր չի նպաստում Հայաստանի անվտանգությանը»։

Խաչատրյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ընդդիմությունը չի տեսնում, անտեսում է ռուսական գործոնն, այն գործոնը, որն ամենևին այսօր չի նպաստում Հայաստանի անվտանգությանը, այդ հարցերը դուք ընդհանրապես անտեսում եք, չեք ուզում խոսել այդ մասին։

Խաչատրյան․ - Երբ մենք առաջարկեցինք հայտարարություն ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի, մենք էլ էինք գրել, որ «մենք ռուսներից ակնկալում ենք ավելի ակտիվ գործողություններ»։ Մեր խմբակցության պատգամավորներից մեկն էր ասել՝ «այո՛, հենց դեկտեմբերի առաջին օրերին պետք է ռուսները բուլդոզերով թուրքերին թափեին ձորը», ասել ենք դա, բայց մենք ռոմանտիկ չենք, մենք հասկանում ենք, որ եթե այսօր ռուսները գնան, վաղը Ղարաբաղ կմտնեն թուրքերը։ Ավելին ասեմ՝ եթե ռուսները նոյեմբերի 9-ին չմտնեին Ստեփանակերտ, հասկանում եք չէ՞, որ նոյեմբերի 10-ի առավոտյան այնտեղ կլինեին թուրք-ադրբեջանական զորքերը։ Այսինքն՝ իրականության հետ պետք է հաշվի նստենք։

«Ազատություն»․ - Սպասում են, որ Դաշնակցությունը կքննադատի Ռուսաստանին, որ անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին։

Խաչատրյան․ - Ես էլ Ձեզ ասում եմ, որ Դաշնակցությունը պատասխանատու քաղաքական ուժ է, և Դաշնակցությունը շատ լավ հասկանում է, որ այս պահի դրությամբ բոլոր թերություններով, բոլոր չբավարարված ակնկալիքներով հանդերձ, միակ ուժը, որը կարողանում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ռուս խաղաղապահներն են։

«Ազատություն»․ - Ինչպե՞ս են ապահովում, որ շրջափակված է Արցախը, ժողովուրդն ահավոր վիճակում է, պաշտպանված չէ, և չի բացառվում, որ ցանկացած օր ադրբեջանական զորքը կարող է մտնել այնտեղ, ցանկացած պահի, և ոչ մի երաշխիք չկա, որ ռուսները պետք է կանխեն այդ ներխուժումը։

Խաչատրյան․ - Ես Ձեզ էլի եմ ասում՝ չկա այս պահի դրությամբ այլ ուժ, որը կարողանում է ապահովել թեկուզ նվազագույն անվտանգություն, չկա այդ ուժը։

Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG