Մատչելիության հղումներ

Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային․ ընդդիմադիր պատգամավոր


Ցավոտ լուծումների մասին Փաշինյանի երեկվա հայտարարությունը վերաբերում էր ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ապագային, վստահ է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանն, ըստ Գրիգորյանի, Արցախի մասով ցավոտ լուծումների մասին այլևս չի խոսելու՝ շեշտելով՝ ինքն ընդհանրապես չի խոսում Արցախի մասին։

Երեկ Ազգային ժողովում, խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, վարչապետն ասաց՝ հարցերի հարցը հետևյալն է՝ իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի։

Մասնավորապես, գործադիրի ղեկավարը նշեց՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե ձեռք բերվեն կոմպրոմիսներ, «այդ կոմպրոմիսները որքանո՞վ ընդունելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը»: Թե ինչ ցավոտ լուծումների մասին էր խոսքը, վարչապետը չմանրամասնեց։

Խոսելով խաղաղության հնարավորությունից՝ Փաշինյանը շեշտեց՝ խաղաղությունը հնարավոր է, եթե «հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը»:

Ընդդիմադիր պատգամավորն, «Ազատություն» հետ զրույցում, հակադարձեց՝ չկա էդ կարմիր գիծը, էդ կարմիր գիծը խախտվեց, երբ ադրբեջանցիներն 2021 թվականի մայիսին անարգել մտան Սև լիճ, իսկ Փաշինյանը համակերպվեց էդ իրավիճակի հետ։

«Եթե մարդու համար սկզբունքային է 29 հազար 800-ը, նման քաղաքականություն կվարի՞ սեփական սահմանների նկատմամբ», - նշեց Գրիգորյանը։

Հարցին, թե հիմա ի՞նչ անի, պատերազմով հետ վերցնի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Չէ՛, տեսեք, ամբողջ հարցն այն է, որ եթե դա քո համար կարմիր գիծ է, ապա այդ կարմիր գիծը պետք է պահեիր, դու չես պահում, սպասում ես ադրբեջանցին գալիս նստում է, դու ասում ես՝ «եկան, բա հիմա ի՞նչ եք ուզում, պատերա՞զմ սկսել»։ Չէ՛, պատերազմ չենք ուզում սկսել, բայց դուք առնվազն կանխարգելիչ որևէ գործողութուն պիտի անեք, թե՞ չէ»։

Գրիգորյանը հիշեցրեց նաև 2022-ի սեպտեմբերը, երբ ադրբեջանցիները ներխուժեցին Ներքին Հանդ, որոշ տարածքներ անցան ադրբեջանական կողմին։

«Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով կահավորում էր իր առաջնագիծը։ Կոնկրետ Ներքին Հանդում մենք կանգնած հետևում էինք, թե ինչպես է Ադբեջանը կառուցում ճանապարհ դեպի իր դիրքը, որպեսզի ռազմավարական թիկունքային սնուցում կարողանա իրականացնել։ Ասում էինք՝ «խոչընդոտեք, թող չկարողանան էդ աշխատանքներն իրականացնեն», ասում էին՝ «այ, դուք պատերազմի հավաքական ուժ եք, դուք պատերազմ եք ուզում»։ Ասում էինք՝ «չէ, մենք պատերազմ չենք ուզում», բայց ինչ ստացվեց արդյունքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին այդ նույն դիրքերից, որտեղ իրենք առաջ էին եկել, որտեղ իրենք կահավորել էին, ռազմավարական սնուցման համար ճանապարհներ էին կառուցել, էդ նույն դիրքերից հարձակվեցին և ավելի մեծ տարածքներ գրավեցին Ներքին Հանդում։ Դա մի օրինակն է, բայց դա ամեն օր է», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG