Փաշինյանի պնդումը, թե մարդիկ հավատում են խաղաղության օրակարգին, ցինիզմ է, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Մարդիկ հավատում են խաղաղության օրակարգին, կա լավատեսություն՝ ի հեճուկս ձեր ամենօրյա հոռետեսության:
Գրիգորյան. - Մի իրավիճակում, երբ քո տարածքները օկուպացվում են Ադրբեջանի կողմից, մի իրավիճակում, երբ քո սեփական զինված ուժերը քո երկրի տարածքում ամրաշինական աշխատանքներ իրականացնելիս հարձակման է ենթարկվում ադրբեջանցիների կողմից, մի իրավիճակում, երբ դու ունես Սյունիքում ազատ շրջող ադրբեջանցի, ով նաև սպանում է կապանցի իմ համաքաղաքացիներից մեկին, այդ համատեքստում իսկապես խոսել խաղաղության մասին, նույնն է որ՝ չպատկերացնել երկրում ինչ է տեղի ունենում: Երկու տարբեր իրականություններ են այն իրականությունը, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց այսօր նկարագրել Ազգային ժողովում, որ՝ տեսեք, 55 հազար շենք է կառուցվում, մարդիկ հավատում են, իսկ Տեղ գյուղում հավատո՞ւմ են, Ներքին Հանդում հավատո՞ւմ են, այն գյուղերում, որտեղ արդեն ճանապարհներ են փակվել: Հասկանո՞ւմ եք, մենք բազմաթիվ համայնքներ ունենք, որտեղ քաղաքացիներն ապրում են ադրբեջանցիների ուղիղ թիրախավորման ներքո, և այդ համատեքստում խոսել խաղաղության մասին, թե բա մարդիկ հավատում են խաղաղության, իսկապես ցինիզմ է, ուրիշ բան չեմ կարող ասել:
«Ազատություն». - Տիկին Գրիգորյան, ի հակառակ ասում են, որ այդ դեպքում չափվել է նաև ձեր վստահությունը հրապարակներում, քանի անգամ փորձել եք, չեք հաջողել, հետևաբար, ուժի մեջ են 2021 թվականի ընտրության արդյունքները:
Գրիգորյան. - Տեսեք, 2021 թվականի ընտրություններին այս քաղաքական ուժը գնացել է հստակ խոստումներով, Նիկոլ Փաշինյանը 21 թվականի ընտրություններին գնաց ու ասաց՝ «ես ձեզ բերում եմ խաղաղություն, ես ձեզ բերելու եմ կայունություն, ես ձեզ բերելու եմ տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում, ունենալու ենք սահմանազատում, առևտուր և այլն», դրանցից ո՞ր մեկն է իրականացված: Այն ժամանակահատվածում, մինչ դուք բանակցում եք ապաշրջափակման մասին, մեր երկրի տարածքում ճանապարհներ են փակվում, M2 միջպետական ճանապարհն այսօր անանցանելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Գորիս-Կապանը նկատի ունեմ, Կապան-Ճակատենը, Կապանից դեպի տարբեր համայնքներ գնացող ճանապարհները այսօր փակված են ադրբեջանցիների կողմից, և ապաշրջափակման խոստումը ևս իրականացված չէ:
Արցախյան հիմնախնդրի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ի՞նչ էր խոստանում. ինքնորոշման իրավունքի հիման վրա արցախյան հիմնախնդրի կարգավորում, նույնիսկ հասել էր նրան, որ անջատում հանուն փրկության թեզն էր առաջ տանում: Այսօր մի բառ անգամ չի ասել դրա մասին: Մեկ ժամանոց ելույթի ժամանակ մի նախադասությամբ չի խոսել 120 հազար այս պահին շրջափակման մեջ գտնվող արցախցիների մասին, ոչինչ չի ասել: Եվ երբ դու որպես ընդդիմություն իրեն փորձում ես հիշեցնել, որ դու գնացել ես այս խոստումով, ասել ես, որ ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով ես գնալու, ասում է՝ «էդ ի՞նչ եք ասում, դեռ որ թվականից դա անհնար էր»:
«Ազատություն». - Ինչո՞ւ հիասթափվածները չեն գալիս ձեզ աջակցելու՝ քշելու այս իշխանությանը:
Գրիգորյան. - Կարող են մարդիկ որոշակի վստահություն չունենալ մեր նկատմամբ, մեր ծրագրի նկատմամբ, մեր քաղաքական ուժի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարածը և իրականացրածը իրականություն են դարձել, ինքը մի բան է հայտարարել, հիմա ընդհանրապես հակառակն է հայտարարում: Ավելին՝ հակասահմանադրական թեզեր է տանում կոնկրետ Արցախի մասով, որ Արցախն արդեն Ադրբեջանի կազմում է, Ստեփանակերտ գնա մի կերպ Բաքվի հետ բանակցիր, տես՝ ինչպես ես քեզ համար կարողանում անվտանգության երաշխիքներ կորզել, որն աբսուրդ ու հակասահմանադրական թեզ է: Սա չի նշանակում, որ մարդիկ վստահում են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Մեր բնակչության վերջին հարցումների արդյունքներն ինչի՞ մասին էին, որ 90 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանն այսօր այստեղ կանգնած ասում է, որ Արցախն Ադրբեջան է և վերջ:
«Ազատություն». - Այդպես չի ասում, ասում է՝ այդ ամրագրումը Մադրիդյան փաստաթղթով արդեն իսկ եղել է, երբ ամրագրվել է բնակչություն և ոչ Արցախի ժողովուրդ, ինչը նշանակում է, որ պետք է բոլորը գային քվեարկեին, առնվազն:
Գրիգորյան. - Ինքը բավականին մանիպուլացնում է, բայց ինքը մոռանում է, որ նա է այն անձը, ով նաև ընտրություններից առաջ և ընտրություններից հետո խոսում էր Մադրիդյան սկզբունքների, ինքնորոշման իրականացման մասին: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որ Արցախի Վերածննդի հրապարակում կանչում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», նման հայտարարություն հնչեցնողը կարո՞ղ է որևէ քաղաքական ուժի մեղադրել այս կամ այն բանի մեջ, իհարկե, չի կարող: Ի վերջո եթե բոլոր նախկինները վատն են, շատ վատ ժառանգություն և այլն, հիմա ինքը փաստացի դա հայտարարում է, ասում է՝ «ես Արցախի հետ որևէ առնչություն չունեմ, և մենք պետք է էդ ցնորքից վերանանք», բայց ցնորքն ինչի՞ մասին է, որ դու 120 հազար հայի, Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող մարդու ասում ես՝ «գնա և բանակցիր մարդկանց հետ, ովքեր ուզում ենք քեզ ցեղասպանության ենթարկել», և այդ էթնիկ զտման քաղաքականությունը հիմա էլ է տեղի ունենում Արցախում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.