Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 11-ի արյունալի միջադեպի վերաբերյալ՝ շեշտելով, որ «հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»:
Փարիզը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ «հայկական տարածքում, Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից 7 զոհ և մի քանի վիրավոր կա»:
Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարում է՝ այս միջադեպը վկայում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, կոչ անելով կողմերին շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։
Ֆրանսիան լիակատար աջակցություն է հայտնում սահմանի հայկական կողմում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը, որը, ըստ Փարիզի, առանցքային դեր ունի լարվածությունը նվազեցնելու գործում: «Առաքելությունը կշարունակվի՝ ի նպաստ հրադադարի պահպանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման», - ասված է հայտարարությունում:
Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին:
Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար: