Մատչելիության հղումներ

Շամխանի. «Հարավային Կովկասում աշխարհագրական փոփոխությունը կստեղծի լարվածություն, որից կօգտվեն թշնամիները»


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ երեկ Թեհրանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է, թե «Հարավային Կովկասում աշխարհագրական ցանկացած փոփոխություն կստեղծի լարվածություն, որից կօգտվեն տարածաշրջանի անվտանգության և կայունության թշնամիները»:

Այդ մասին այսօր հայտնել է Press TV անգլալեզու իրանական հեռուստակայանը, որի հաղորդագրության համաձայն, Շամխանին ասել է, թե «կոշտ մոտեցումը տարածաշրջանային խնդիրներին պետք է փոխարինվի կողմերի մշտական երկխոսությամբ և շփումներով»:

Շամխանիի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում հիմա բարդ ժամանակաշրջան է: Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Հայսաստանը և Ադրբեջանը կկարողանան հաղթահարել փոխադարձ լարվածությունը:

«Ամենակարևոր խորհուրդներից մեկը, որն Իրանի Իսլամական Հանրապետությունը փոխանցում է տարածաշրջանում բոլոր կողմերին՝ պահպանել բարիդրացիական հարաբերությունները և համատեղ ջանքերով խաղաղ լուծել տարածաշրջանային հիմնախնդիրները», - հայտարարել է Շամխանին:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, իր հերթին, ընդգծել է, որ «Իրանը կարևոր դեր է կատարում Հարավային Կովկասի երկրների հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում»:

XS
SM
MD
LG