Մատչելիության հղումներ

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ խնդիրներն ու տարածաշրջանային իրավիճակը


Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային որոշ խնդիրներ, հայտնում է իրանական կողմը։

Նշվում է, որ անկեղծ և թափանցիկ բանակցությունների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները, վերլուծվել են կարծիքներ, որոնց ընթացքում «կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքը միմյանց բարիդրացիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։

«Խոսելով տարածաշրջանի երկրների միասնության, անվտանգության ու առաջընթացի դեմ Սիոնիստական ռեժիմի դավադրության մասին՝ Ամիր Աբդոլլահիանն ասել է՝ տարածաշրջանի երկրների միջև տարաձայնությունների առկայությունից շահում են միայն թշնամիները», - ասված է հաղորդագրության մեջ։

«Հեռախոսազրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել է երկու երկրների միջև առկա դժգոհությունն ու թյուրըմբռնումը, ընդգծվել է թյուրըմբռնումների վերացման համար բանակցությունների շարունակման կարևորությունը»,- իր հերթին, հավելել է Բաքուն։

Բայրամովը նշել է, որ կարևոր է հարգել Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականությունը՝ ելնելով նրա ազգային շահերից և տարածաշրջանի երկրների հետ երկկողմ հարաբերություններից, ասված է ադրբեջանական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG