Մատչելիության հղումներ

Ադրբեջանը լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, Իրանը հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի. «Ստրատֆոր»


Ըստ «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի զեկույցի՝ Ադրբեջանը Ղարաբաղում կամ Հայաստանի սահմաններին լայնածավալ նոր ռազմական գործողությունների չի գնա, քանի որ իր նպատակներին հասնում է փոքր քայերով, իսկ Իրանը, չնայած մտահոգված է առևտրային ուղիներ կորցնելու հեռանկարից, հակամարտության մեջ ուղիղ չի ներգրավվի։

Նման եզրակացությունների հանգելու համար «Ստրատֆորի» վերլուծաբանները մի շարք հանգամանքներ են նշում։

Առաջինը՝ նրանք նշում են բանակցային գործընթացի փաստացի դադարը։ Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները կանգ են առել, ավելի հավանական են դառնում Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանին բռնությունների բռնկումները, բայց «Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություն կամ հակամարտությանը Իրանի ուղիղ միջամտությունը մնում է քիչ հավակական», գտնում են վերլուծաբանները՝ գնահատելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման ռիսկերը։

Լեռնային Ղարաբաղի ներսում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի գործողությունները և Երևանի զգուշացումնեը նրանք համարում են երկու երկրների միջև լարվածության աճի վերջին նշաններ, գտնելով, որ 2020-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմի ապահովումը կարծես չի գործում։

«Քանի դեռ բանակցությունները կանգ են առել, Ադրբեջանը ավելի հավանական է՝ կդիմի հրադադարի փոքր մասշտաբների խախտումների՝ Լեռնային Ղարաբաղում մարտավարական շահավետ դիրքեր գրավելո, կամ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով նմանատիպ գործողություններ կատարելու համար»,- գրում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։

«2020-ի նոյեմբերին կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Բաքուն բազմիցս կիրառել է այդ ռազմավարությունը՝ ստիպողաբար առաջ մղելով դիվանագիտական գործընթացը, միաժամանակ ցուցադրելով ու մեծացնելով իր ազդեցության լծակները։ Լայնածավալ ռազմական գործողություն Ղարաբաղում կամ Հայաստանի սահմանին Ադրբեջանը դժվար թե սկսի, որովհետև ավելի քիչ ծախսատար մեթոդները Բաքվին կարող են հնարավորություն տալ պահպանելու առաջընթացը իր նպատակներին հասնելու համար։

Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերը առաջընթաց են ունենում, դա բարելավում է նրանց մարտավարական դիրքերը, նույնիսկ եթե տարածքային այդ առաջխաղացումը մի քանի մետր է։ Այդ մանովրները նաև մեծացնում են Ադրեջանի կառավարության բանակցային դիրքերը»,- նշում են «Ստրատֆորի» վերլուծաբանները։

Նրանց գնահատմամբ՝ մեծ տարածքներ գրավելու համեմատ այդ ռազմավարությունը Ադրբեջանին թույլ է տալիս շարունակելու ամրապնդել իր դիրքերն ու նպատակներին հասնելու քայլերը առանց Հայաստանի հետ լայնածավալ պատերազմի մեջ մտնելու և առանց միջազգային հանրության կողմից դատապարտվելու, հավական է նաև պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկերի։

«Այսպիսով, Բաքուն քիչ մղումներ ունի պատերազմական գործողություններով Լեռնային Ղարաբաղում մնացած տարածքների մեծ մասը կամ ամբողջությամբ գրավելու, կամ Հայաստանի հարավում որոշ շրջաններ գրավելու համար։ Ավելին, Ադրբեջանը քիչ է շահագրգռված անհարկի վտանգի ենթարկել խաղաղության համաձայնագիրը, որը հավանաբար մեծապես իր օգտին կինի»,- նշված է «Ստրատֆորի» զեկույցում։

Վերլուծական կենտրոնի փորձագետները ևս մեկ հանգամանք են նշում։ Չնայած Հայաստանը ջանքեր է գործադրում ընթացիկ նորմալացման գործընթացի միջոցով բարելավելու հարաբերությունները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, նույնիսկ Թուրքիայի հետ, այնուամենայնիվ շատ քիչ հավանականություն կա, որ Երևանը կարողանա հասնել մի այնպիսի արտաքին գործընկերության, որը լրջորեն խանգարի Ադրբեջանին հասնելու իր նպատակներին։

Սա ևս մեկ հանգամանք է համարվում, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան լայնածավալ ներխուժման հրատապ անհրաժեշտություն չի տեսնում։

«Ստրատֆորը» գտնում է, որ Թեհրանը կշարունակի Ադրբեջանին զսպելու գործողությունները՝ պահպանելով երկու երկրների միջև առանց այդ էլ բարձր լարվածությունը։

«Ադրբեջանի կողմից 2020 թվականի հրադադարի շարունակաբար խախտումները, զուգորդված Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների հետ, խաթարել են ինչպես ռուս խաղաղապահների հեղինակությունը Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանի ոտնձգություններից Հայաստանին պաշտպանելու Ռուսաստանի հանձնառության հանդեպ վստահությունը։ Սա անհանգստացրել է հարևան Իրանին, որովհետև Հայաստանի հարավ Ադրբեջանի ներխուժումը կարող է արգելափակել Սև ծովի հետ Իրանին կապող առևտրային ուղիները»,- գրում են փորձագետները՝ նշելով նաև, որ Իրանը ակտիվացրել է Ադրբեջանին սպառնալու փորձերը, հուսալով նրան հետ պահել Հայաստանի հարավի վրա հարձակվելուց։

Սակայն, նրանք քիչ հավանական են համարում հակամարտությանը Իրանի ուղիղ միջամտությունը՝ հաշվի առնելով դրա ներքաղաքական հետևանքները Իրանի ռեժիմի վրա, ինչպես նաև հնարավոր պատերազմը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG