Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ


Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ հվելելով՝ աշխատանքները դադարեցվել են:

«Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Արցախի ՆԳՆ-ն նաև նշում է, որ «նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները»:

Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ավելի ուշ Արցախի ոստիկանությունից հայտնեցին, որ Ադրբեջանը կրակել է նաև դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

Այսօր ավելի վաղ էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Բաքուն շաբաթ օրը հայտարարեց, թե ադրբեջանական բանակը «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար: Արցախի տեղեկատվական շտաբը, մինչդեռ, հայտարարեց, որ «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում»: Եռակողմ հայտարարության խախտման փաստը հաստատեց նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG