Մատչելիության հղումներ

Շիա հավատացյալների զանգվածային ձերբակալությունները Ադրբեջանում շարունակվում են


Ոստիկանական ավտոմեքենաներ Ադրբեջանում, արխիվ
Ոստիկանական ավտոմեքենաներ Ադրբեջանում, արխիվ

Շիա հավատացյալների զանգվածային ձերբակալությունները Ադրբեջանում շարունակվում են։ Իրավապաշտպանների պնդմամբ` վերջին հինգ օրերին երկրի տարածքում ձերբակալված հավատացյալների թիվը հասել է 400-ի, նրանց մեծ մասին քրեական բնույթի՝ հիմնականում թմրաբիզնեսին առնչվող մեղադրանքներ են ներկայացվում։

Ձերբակալությունների այս ալիքը մեկնարկեց Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մարտի 28-ին տեղի ունեցած մահափորձից հետ։ Հիշեցնենք՝ շաբաթասկզբին Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարեց, թե պատգամավորի դեմ հարձակումը կազմակերպել էին Իրանի հատուկ ծառայությունները՝ ադրբեջանցիներից կազմված գործակալական ցանցի միջոցով։

Ընդդիմադիր Meydan TV կայքի հետ զրույցում իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը չի բացառել, որ վերջին օրերին ձերբակալվածների մի մասը իրոք կարող է գտնվել Իրանի ազդեցության տակ, ինչը, սակայն նրանց մեխանիկորեն ահաբեկիչների չի վերածում։

«Ինչո՞ւ են հավատացյալներին զանգվածաբար լցնում բանտերը, այն էլ՝ թմրամիջոցների հետ կապված մեղադրանքների հիման վրա։ Բա ի՞նչ եղան երկրի օրենքներն ու Սահմանադրությունը», - նշել է իրավապաշտպանը։

Ադրբեջանական ընդդիմադիր կայքերի պնդմամբ՝ վերջին օրերին ձերբակալվածների մեծ մասը նախկինում Իրան այցելած, այնտեղ կրոնական կրթություն ստացած կամ շիա մահմեդականության սրբավայրեր՝ իրանական Մեշեդ, իրաքյան Նաջաֆ կամ Քարբալա քաղաքներ ուխտագնացության մեկնած երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդիկ են։

«Եթե մարդը նամազ է անում կամ Ռամադանին պահք պահում՝ արդյո՞ք դա նշանակում է, որ նա հանցագործ է», - Meydan TV-ի հետ զրույցում տարակուսում է Ֆազիլ Մուստաֆայի գործով անցնող կասկածյալներից մեկի՝ Իլքին Սուլեյմանովի հորեղբայր Էլնուր Սուլեյմանովը։ Նա նշում է, որ չորս տարի առաջ իր զարմիկը ևս, ադրբեջանցի բազմաթիվ հավատացյալների պես, ուխտագնացության է մեկնել Քարբալա և Մեշեդ։

«Այժմ նրա ուխտագնացության ժամանակ արված լուսանկարները տարածում են որպես [Իրանի հետ կապի] ապացույց», - նշում է տղամարդը՝ պնդելով, որ իր ազգականը երբեք քաղաքականությամբ չի հետաքրքրվել և հարձակման թիրախ դարձած պատգամավորին չի էլ ճանաչել։

Ադրբեջանցի ընդդիմադիրները նաև նկատում են, որ Ֆազիլ Մուստաֆայի դեմ հարձակումից մեկ շաբաթ անց նախաքննության հետ կապված անպատասխան հարցերի թիվը չի նվազում։

Մասնավորաբար, քննիչները մինչ օրս չեն հստակեցնում, թե ինչու իբր Իրանում ռազմական պատրաստություն անցած անձինք չեն կարողացել ընդամենը մի քանի մետր հեռավորությունից սպանել անզեն պատգամավորին։ Բացի այդ, Մուստաֆան այժմ գտնվում է լիակատար մեկուսացման մեջ և քննիչներից ու ընտանիքի անդամներից բացի որևէ մեկը նրա հետ շփվել չի կարող։

Մահափորձից հետո Մուստաֆան ընդամենը մեկ, նկարագրողական բնույթի հարցազրույց է տվել, որից հետո ոտքից և ուսից վիրավորված պատգամավորին բժիշկներն արգելել են խոսել՝ պնդելով, թե դա կնպաստի նրա շուտափույթ ապաքինմանը։

Սրան էլ գումարած՝ մահափորձից անմիջապես հետո քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված Ֆազիլ Մուստաֆան նույն գիշերն իսկ այնտեղից դուրս էր գրվել։ Այժմ, ըստ «Թուրան» գործակալության, վիրավոր պատգամավորը գտնվում է Ադրբեջանի ուժային կառույցներից մեկի կազմում գործող հոսպիտալներից մեկում։ Թե որ ուժային կառույցի մասին է խոսքը, լրատվամիջոցները չեն հայտնում։

XS
SM
MD
LG