Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով իրանցի պաշտոնակցի այսօր հնչեցրած հայտարարություններին, պնդել է, թե Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին սպառնալիքներն ու սադրանքները շատացել են, բայց դրանք Բաքվին չեն վախեցնում։
Իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Քանանին այսօր ավելի վաղ հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար:
«Ընդհակառակը՝ Իրանի տարածքից են Ադրբեջանի դեմ սպառնալիքներ հնչում, ու սադրանքներ իրականացվում։ Օրինակ՝ Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով մեկ անցկացվող զորավարժությունները, սահմանին ռազմական թռիչքները, իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները»,- թվարկել է ադրբեջանցի պաշտոնյան և հավելել, որ անցած օրերին Բաքվում ադրբեջանցի պատգամավորի դեմ «ահաբեկչության» հետաքննության նախնական հետքերը ևս տանում են դեպի Իրան։
Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես հայտարարում են, որ զինված հարձակման ետևում ամենայն հավանականությամբ Իրանն է կանգնած։
«Իրանական կողմից այս սպառնալիքները երբեք չեն կարող վախեցնել Ադրբեջանին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։