Ֆինլանդիան այսօր պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը` վերջ դնելով 75 տարի շարունակված չեզոքությանը:
Ռուսաստանի հետ 1300 կմ սահման ունեցող երկիրը անդամակցության գործընթացն անցավ ամիսների ընթացքում և այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացրեց սեփական դրոշը:
«Այսօրվանից Ֆինլանդիան կդառնա առավել պաշտպանված, ՆԱՏՕ-ն` ավելի հզոր», - պնդեց դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մանրամասնելով` «կանոնադրության հինգերորդ հոդվածը՝ մեկը բոլորի, բոլորը մեկի համար, այսուհետ տարածվում է նաև Ֆինլանդիայի վրա»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային միության հետ կնքված «բարեկամության պայմանագրով» Հելսինկին խոստացել էր չանդամակցել ռազմական որևէ դաշինքի: Անցած տարի, սակայն, երբ Ռուսաստանը հարձակվեց հարևան Ուկրաինայի վրա, Հելսինկիում ու դրկից Ստոկհոլմում հայտարարեցին` անհանգստանում են սեփական անվտանգության համար:
«Վստահ եմ, որ այսօրվանից իմ ժողովուրդն իրեն առավել անվտանգ ու երջանիկ կզգա», - պնդում էր Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն:
«Անվտանգությունը և կայունությունը այն հարցերն են, որոնք մեզ շատ են մտահոգում, և շատերս ենք համակարծիք, որ եթե ժողովուրդն ապրում է անվտանգ, կայուն միջավայրում, դա է երջանիկ կյանքի տարրական բաղադրիչը», - նշել է նա:
1992-ից`Խորհդային միության փլուզումից հետո, փաստացի, Ֆինլանդիան սկսել էր համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Պարբերաբար երկրի իշխանությունները քննարկում էին նաև լիիրավ անդամակցության հարցը, վերջնական որոշման, սակայն, մինչ օրս որևէ մեկը չէր գնացել:
«Ուկրաինայի դեմ իր հարձակմամբ Պուտինը արագացրեց այն, ինչից իբրև թե ուզում էր խուսափել», - այսօր հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղարը, ընդգծելով, դա թերևս միակ բանն է, որի համար պետք է Պուտինին շնորհակալ լինել:
Ֆինլանդիայի անդամակցությամբ Ռուսաստանի սահմանի երկարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ բազմապատկվեց երկու անգամ: Հիմա Հյուսիսատլանտյան դաշինքն այլևս յոթ անդամ - պետություն ունի Բալթիկ ծովում` էլ ավելի մեկուսացնելով Ռուսաստանի ցամաքային կապը փոքր էքսկլավի` Կալինինգրադի հետ:
«Դա ոտնձգություն է Ռուսաստանի շահերի դեմ». Կրեմլի արձագանքը
Կրեմլում այդ հաշվարկները վաղուց էին արել. «Դա ոտնձգություն է Ռուսաստանի շահերի դեմ և սպառնում է մեր անվտանգությանը», - հայտարարել է Պուտինի խոսնակը:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ գեներալների հետ հեռավար հանդիպմանը խոսել է հակընդդեմ քայլերի մասին:
«Այս պայմաններում մենք պատասխան քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի պաշտպանենք միութենական պետությունը: Բելառուսի գրոհային որոշ օդանավեր արդեն հնարավորություն ունեն հակառակորդի օբյեկտներին հարվածել միջուկային զենքով։ Բելառուսին նաև տրամադրվել է "Искандер-М" համակարգ, որը կարող է թե՛ սովորական, թե՛ միջուկային հրթիռներ օգտագործել», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
Չնայած Ռուսաստանի զգուշացումներին ու սպառնալիքներին` ՆԱՏՕ-ի ընդարձակման գործընթացը շարունակվում է:
«Հաջորդիվ պետք է աշխատել Ստոկհոլմի անդամակցության վրա», - այսօր Բրյուսելում հայտարարում էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեմս Քլեվերլին:
Շվեդիան ևս չեզոք երկրի քաղաքականություն էր վարում տասնամյակներ շարունակ, սակայն, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեց անցած տարի` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից հետո: Այժմ Ստոկհոլմը սպասում է անդամակցության հայտի վավերացմանը, ինչին առարկում են Թուրքիան և Հունգարիան: