Մատչելիության հղումներ

Գյումրիում սկսվում է տնակների ապամոնտաժման գործընթացը


Գյումրիի քաղաքային իշխանությունները սկսել են տնակների ապամոնտաժման գործընթացը։ Արդեն ծանուցումներ են ուղարկել տնակների բնակիչներին։

Քաղաքապետարանի անշարժ գույքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանն ասում է՝ եթե մարդիկ ինքնակամ չապամոնտաժեն, ապա համայնքապետարանը՛ այդ գործը կստանձնի. - «Իրենք ունեն կառավարության որոշումը՝ ընդունման պահից վեցամսյա ժամանակ։ Հավելյալ տալիս ենք մեկ ամիս, որից տասնհինգ օրը ի օգուտ բնակչի է։ Այսինքն՝ տասնհինգ օրվա հավելյալ ինքն է փորձելու ապամոնտաժել իր ուժերով, եթե չէ, ապա արդեն գույքի տնօրինումը, ապամոնտաժումը կիրագործի համայնքը»։

Կառավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին ազատել տնակներից, մարդկանց մի քանի տարբերակ են առաջարկելու։ Ողջ Հայաստանում ավելի քան 6000 տնակ է հաշվառվել, միայն Գյումրիում՝ շուրջ 2600-ը։ Սակայն ոչ բոլորը փոխհատուցում կստանան։

«Հիմա մեր համայնքի ու մեր բաժնի կատարած աշխատանքի վերլուծությունից պարզ է դառնում նախնական, որ շուրջ 800 և ավելը ենթակա է քանդման, և իրենց փոխհատուցում ընդհանրապես չկա։ Մոտ 1500-1600-ը փոխհատուցման ենթակա է։ Դա ոչ պաշտոնական, նախնական այն թվերն են, որոնք մենք ձևաչափով լրացրել, ուղարկել ենք կառավարություն», - փոխանցեց Գրիգորյանը։

Գյումրիում շուրջ 250 ընտանիք պետությունից ստացած բնակարանը վաճառել ու տնակ է վերադարձել։ 75-ամյա Մարիամ Վիրաբյանի ընտանիքը նրանցից մեկն է։ Այս ընտանիքներին պետությունը որպես փոխհատուցում առաջարկում է 1 տարի 60 հազար դրամ բնակարանի վարձ տրամադրել՝ տնակի պարտադիր ապամոնտաժման դիմաց։

16 հոգով 2 տնակում ապրող ընտանիքում հարցնում են՝ այդ գնով ինչպես են բնակարան վարձելու։ Մարիամ Վիրաբյանն ասում է. - «Չկա... վաթսուն հազարով ոչ մի տուն չի տա, գարաժ դաժը չեն տա, որ էրթանք ապրինք... թող գումարն ավելացնեն։ Բայց ընձի որ մնա, թող ներեն, որ ծախել ենք, խնդրեմ գը... թեկուզ մե քառակուսի թող պակաս տան, բայց շենք տան»։

Գևորգ Գրիգորյան
Գևորգ Գրիգորյան

Տնակներն ապամոնտաժելու համար հավելյալ ժամկետ չի տրամադրվի, ասում է քաղաքապետարանի պաշտոնյան։ Վստահ է՝ կլինեն ընտանիքներ, որ կհրաժարվեն, բայց իրենք լուրջ են տրամադրված. - «Ժամանակ տալ հնարավոր չէ։ Փորձում ենք բնակչին բացատրել, որ հասել ենք մի փուլի, որը ջանասիրաբար, ամբողջ կառույցներով պետք է մեր ուժը ներդնենք և համայնքը ազատենք տնակներից։ Որովհետև երեսուն տարի շարունակ փորձել են մարդկանց համոզել, որ դեռ կարող եք, սպասեք, միգուցե լավ կլինի։ Հիմա եկել ա արդեն էդ փուլը, որ կառավարությունը հստակ ասում է՝ էս չափորոշիչներով ընտանիքներին տալիս եմ սա, էս չափորոշիչներով ընտանիքներին փոխհատուցում չկա, ենթակա է ապամոնտաժման, որոնք ստացած-վաճառածներն են, կամ փակ տնակները, կամ ստացած, մինչև օրս չսեփականաշնորհած և չապամոնտաժած տնակները»։

Կառավարությունը մտադիր է բնակարանի գնման վկայագիր տրամադրել, նաև սոցիալական բնակարաններ կառուցել։ Անշարժ գույքի բաժնի պետից հետաքրքրվեցինք՝ Գյումրիում ազատ բնակֆոնդ կա՞։ Գևորգ Գրիգորյանը պատասխանեց. - «Բնակեցված է այս պահին Գյումրի համայնքի բնակֆոնդի 95 տոկոսից ավելին։ Այսինքն՝ եթե պետությունը սկսի փուլային լուծումը ԲԳՎ առաջարկել, ընտանիքները մեծ խնդիր կունենան, որովհետև չեն կարողանա ձեռք բերեն, չի լինի բնակֆոնդ»։

ԲԳՎ-ի (բնակարանի գնման վկայագիր) շահառու ընտանիքները մտահոգ են՝ անշարժ գույքի շուկան օրեցօր թանկանում է, գումար ավելացնելու տարբերակ էլ չունեն։ Սոնա Գալստյանն օրինակ ասում է՝ վկակայագիր հաստատ չի վերցնի, բայց կարող են ընտրել նաև սոցիալական բնակարանի տարբերակը. - «Հնարավորություն չկա, որ մի մասն էլ մենք դնենք ու տուն գտնենք։ Ավելի լավ է բնակարան»։

Կառավարությունը դեռ բնակարանի վկայագրի գումարը չի սահմանել, նաև թե քանի բնակարան է կառուցելու։ Այս հարցերը դեռ հստակեցման փուլում են։

XS
SM
MD
LG