Մատչելիության հղումներ

36 ընտանիք Գյումրիում բնակարան ստացավ՝ առայժմ հինգ տարի ժամկետով


34 տարի տնակում ապրելուց հետո Ռուզաննա Դավթյանի 6 հոգանոց ընտանիքն այսօր տեղափոխվեց 3 սենյականոց նոր բնակարան։ Երկրաշարժի հետևանքով տունն ու որդուն կորցրած ընտանիքը նոր բնակարանը ստացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝ 5 տարի ժամկետով։

Դավթյանների պես Գյումրիի Մուշ 2 թաղամասի երկու նորակառույց շենքերում այսօր բնակարան ստացավ տնակում ապրող 36 ընտանիք։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի խոսքով՝ 5 տարի անց բնակարանները հնարավոր է նվիրաբերվեն բնակիչներին։

«Բնակարանները բոլորը սոցիալական են, այս բնակարանները բնակիչների սեփականությունը չեն, տվել ենք 5 տարով և 5 տարի հետո երբ որ տեսնենք, որ այս բնակարաններն ամբողջովին լավ պահված են, այս մարդիկ արդեն հաստատվել են այդտեղ, որովհետև չեմ ուզում՝ ինչ-որ բացասական ասել, բայց վստահ եմ, որ այս բնակարանները եթե ուղղակի մարդկանց նվիրաբերեինք, այս բնակարանների մի մասը մյուսը օրը կվաճառվեր: Որպեսզի այս մարդիկ նաև ամրանան այս բնակարաններում, իրենց դոմիկները քանդվելու են, իրենց ետդարձի ճանապարհ չունեն: Խնդրել ենք բոլորին, որպեսզի խնամքով վարվեն իրենց տրված գույքի հետ, և 5 տարի հետո արդեն կդիտարկենք այդ բնակարաններն իրենց նվիրաբերելու հարցը», - ասաց նա:

Տնակները, որտեղ 34 տարի ապրել են բնակարան ստացած քաղաքացիները, պետք է առաջիկա օրերին ապամոնտաժվեն, դա ծրագրի պարտադիր պայմաններից է։

«Տնակը պիտի քանդենք, ապամոնտաժենք, իրենք մեզ նախօրոք ասել են, ու պիտի քանդման ակտ վերցնենք, ու մենք շատ ուրախ ենք, որ վերջապես ով ստանում է, քանդեն, որ այս դոմիկ հասկացությունը վերանա վերջը», - ասում է բնակիչներից մեկը:

Բնակարանները բնակիչներին հանձնվել են արդեն կահավորված, արարողությանն այսօր մասնակցում էր նաև հանրապետության նախագահը։ Վահագն Խաչատրյանն ասում է, որ թեպետ հիմա առավել հրատապ ու կարևոր խնդիր կա լուծելու Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ դա չպիտի խանգարի բնականոն կյանքին։

«Նաև ասացի, որ կյանքը շարունակվում է: Մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել: Մենք պարտավոր ենք աշխատել, ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը մի ժամ, մի օր, մի վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում, որ մնացած աշխատանքները պետք է չանենք, և մենք մնացածներն էլ պետք է անենք, որովհետև կյանքն այդպես է՝ եթե չես անում, Լաչինին հաստատ չենք կարող օգնել: Եվ խնդրում եմ՝ բոլորդ մեր առօրյա կյանքում այն խնդիրները, որն ունենք, անենք, այն պարտավորությունները, որ ունենք, մենք անենք: Ես նկատի ունեմ հատկապես պետական կառույցներում, և այս առումով երբ տնտեսական հաջողությունների մասին եմ ես խոսում, պատահական չեմ խոսում:

Եթե մենք չունենանք տնտեսական հաջողություններ, մենք ոչ մի խնդիր էլ չենք կարող լուծել: Ես անընդհատ տնտեսական հաջողությունների մասին այդ փաստը ներկայացնում եմ, որպեսզի բոլորս՝ ՀՀ քաղաքացիները, դրսում գտնվող մեր հայրենակիցները իմանան, որ մեր պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում, և մեր հակառակորդ ասեմ, մեր հարևան երկիրը, որ այդպես էլ չի ցանկանում մեզ հետ խաղաղ ապրել, բայց ստիպված է լինելու դա անել, իրենք չեն թույլ տա, որ մենք մեր այս տնտեսական հաջողություններն իսկապես շարունակական ունենանք, բայց պետք է կարողանանք սա ապահովել», - ասաց նախագահը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահագործված շենքերի հարևանությամբ շարունակում է բնակարանաշինական ծրագիրը։ 7 հարկանի 2 շենք է կառուցվում՝ 40-ից ավելի ընտանիքների համար։ Այդուհանդերձ, ըստ համայնքապետարանի տվյալների՝ միայն Գյումրիում դեռ 2700 ընտանիք շարունակում է բնակվել ժամանակավոր կացարաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG