Մատչելիության հղումներ

Շիրակի, Լոռիի ու Արագածոտնի մարզերում հաշվառվել է 7219 ժամանակավոր կացարան


Տնակ Գյուրիում, արխիվ
Տնակ Գյուրիում, արխիվ

Աղետի գոտու 3 մարզում՝ Շիրակում, Լոռիում ու Արագածոտնում ժամանակավոր կացարանները հաշվառելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովից մոտ 2 տարի պահանջվեց աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Հիմա աղետի գոտու յուրաքանչյուր ժամանակավոր կացարան իր այսպես ասած «անձնագիրն» ունի, թե որ ընտանիքն ինչպես է հայտնվել տնակում:

Աղետի գոտում հաշվառվել է 7219 ժամանակավոր կացարան: Կեսից ավելին Շիրակի մարզում է, իսկ գերակշիռ մասը՝ 2858-ը, Գյումրիում։ Երկու տարի առաջ՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը Գյումրիում անցկացված կառավարության արտագնա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է գույքագրվի ու որոշվի քանի ժամանակավոր կացարան կա և որքան գումար կպահանջվի խնդրի լիարժեք լուծման համար: Օրերս հանձնաժողովը իր հավաքագրած տվյալները փոխանցել է կառավարության աշխատակազմի ղեկավարին:

Հանձնաժողովի անդամներից Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը նշեց, որ երկրաշարժից անօթևան, բայց տարբեր պատճառներով չհաշվառված 100-ավոր ընտանիքների են հանդիպել։

«Շուրջ 800 ընտանիքի մասին է խոսքը, բայց այստեղ պետք է հաշվի առնենք, որ այդ ընտանիքների մի մասը կարող է ընդհանրապես չգա Հայաստան և որևէ պահանջ չներկայացնի: Այսինքն մենք գիտենք, որ այդ տնակում բնակվել է ի սկզբանե բնակարան կորցրած ընտանիք, բայց հետագայում նրանց հետ կապ չկա», - ասաց Գրիգորյանը:

Մի քանի հարյուրի հասնող փակ տնակներ ևս կան: Կառավարությունը դրանք ապամոնտաժելու հնարավորություն է տվել։ «Դեռ կիրառում չկա, այս փուլում նմանատիպ բան դեռ չի նախատեսվում: Դա հետագայում եթե հանկարծ պարզվի, որ տնակի տիրոջը հնարավոր չէ գտնել, հավանաբար այդ մեթոդը կարող է կիրառվել», - նշեց փոխմարզպետը:

Վարդան Գրիգորյանն ասում է, որ հավանական է կառավարությունը սոցիալական բնակարանների կառուցմամբ սկսի ծրագիրը. - «Որոշ դեպքերում լավ տարբերակ է ԲԳՎ-ի տրամադրումը, որոշ դեպքերում՝ սոցիալական բնակարանների տրամադրումը, որոշ դեպքերում էլ՝ արդեն ուղղակի օրենսդրական կարգավորումներով, որ տնակը հեռացվի: Հավանաբար կառավարությունն էլ արդեն փուլ-փուլ որոշում կկայացնի իրականացնել դա: Ամենահավանական տարբերակը՝ որ գործընթացը կսկսվի սոցիալական բնակարանաշինությունից»:

Հանձնաժողովի անդամներից Վահան Թումասյանն, ով ղեկավարում է անօթևանների խնդիրներով զբաղվող Շիրակ կենտրոնը, կարծում է՝ գործընթացը անհարկի ձգձգվում է, կառավարությունը կարող էր 2 տարվա ընթացքում հաշվառմանը զուգահեռ նաև բնակարանով ապահովելու ծրագիր իրականացնել:

«Առհասարակ ճիշտ կլիներ, որ և՛ հաշվառումը, և՛ որոշումների կայացման նախագծերի քննարկումը, և՛ ընդհուպ մինչև որոշման կայացումը համատեղ արվեր: Որովհետև ակնհայտ է՝ կան անօթևան ընտանիքներ, և նրանց բնակարանային պայմանները պետք է բարելավվի, առաջինը ճիշտ կլիներ՝ միասին սկսվեր, մի խումբը այդ աշխատանքները աներ, մյուս խումբը ինչ-որ շինարարական կամ ԲԳՎ-ների կամ չգիտեմ ինչ տարբերակ կիրառեր: Հիմա այնուամենայնիվ, էլի, բարեբախտաբար, ավարտվեց, որովհետև անկեղծ ասած ես արդեն վախենում էի, որ մեր հաշվառման, քննարկման փուլն այդպես էլ ավարտ չի ունենա», - նշեց Թումասյանը:

Ո՞ր տարբերակն է ավելի հավանական: Ասում է՝ ի սկզբանե բնակարանների գնման վկայագիրն էր նախընտրելի, քանի որ բնակարանները էժան էին: Այժմ, սակայն, Գյումրիում բնակֆոնդի դեֆիցիտ կա, որն էլ կարող է արհեստական գնաճի հանգեցնել և վկայագրով պարզապես հնարավոր չլինի տուն գնելը։ Առաջարկել են մի քանի տարբերակների կիրառմամբ միաժամանակ խնդիրը լուծել:

«Առաջինը՝ ԲԳՎ-ն պետությունն ինքը ձեռք բերի, նորոգի բնակարանը, վաճառի, երկրորդը՝ ինքնակամ կառուցված անօթևան ընտանիքների բնակարանները օրինականացնի, այդ թաղամասերի ինֆաստրուկտուրան ապահովի, որ մարդիկ կարողանան ապրել, որովհետև տնակային ավանները ամբողջ քաղաքով և քաղաքների մերձակա տարածքներով է սփռված, երրորդը՝ սոցիալական բնակարանների շինարարություն արվի, բայց արվի և հայտարարվի այն ծրագրերի մասին, որոնք կոնկրետ արվելու են», - ընդգծեց հանձնաժողովի անդամը:

Թումասյանն ընդգծում է, որ պետք չէր հարցը 1-2 տարում լուծելու խոստումներ հնչեցնել։ Նրա գնահատմամբ՝ տնակներից հնարավոր կլինի վերջնականապես ազատվել առնվազն տասը տարում. «30 տարվա չլուծված խնդիրը մեկ տարում չի լուծվում, յուրաքանչյուր տարի լուծեք 100 ընտանիքի խնդիր»:

Անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքների մի մասը տնակը ոչ թե ստացել է պետությունից, այլ գնել է դրանք։ Օրինակ՝ 82-ամյա Էմմա Ղազարյանը, ով18 տարի առաջ գնած տնակում ապրում է հաշմանդամ որդու հետ։

Աղետի գոտում բնակարանային խնդրի վերջնական լուծման համար որքա՞ն գումար կպահանջվի, սա կախված է նրանից, թե որ տարբերակը կնախընտրի կառավարությունը: Տարբեր գնահատականներով՝ անհրաժեշտ կլինի մոտ 200-250 մլն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG