Ամերիկահայ բարերարների օգնությամբ Գյումրիի տնակներում բնակվող մի շարք ընտանիքներ հնարավորություն կունենան բնակարաններ ձեռք բերել։ Ըստ նախատեսվող սոցիալական ծրագրի՝ բնակարանի արժեքի կեսը որպես նվիրատվություն կտրամադրի «ԱՌՔ» հիմնադրամը, իսկ մյուս կեսը 10 տարվա ընթացքում պետք է վճարեն շահառու ընտանիքները՝ առանց տոկոսների։
«ԱՌՔ» հիմնադրամի նախագահ, ամերիկաբնակ բարերար Հրաչ Հակոբյանի խոսքով՝ նախնական նախագծով առաջիկա գարնանը կմեկնարկի 12-15 բնակարանների կառուցումը, առաջին փուլում կներդնեն 240-280 հազար դոլար։ Իսկ, թե ընդհանուր առմամբ քանի՞ բնակարան կկառուցվի, կախված կլինի պահանջարկից:
«Ինչքան որ մեր միջոցները ներում է, մենք փափագ ունենք շարունակենք, ոչ թե վերջացնենք սրանով: Սա վերջը չի, սկիզբն էլ չի, ինչքան, որ առիթ լինի, մեր փափագն է, որ իսկապես շարունակենք մինչև այն օրը, որ տեսնենք դոմիկներ գոյություն չունենան մեր քաղաքի մեջ», - նշեց Հրաչ Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի՝ այն գումարը, որը 10 տարվա ընթացքում շահառու ընտանիքները վճարելու են, կրկին ներդրվելու է նմանատիպ ծրագրով բնակարաններ կառուցելու մեջ.- «50 տոկոսը նվիրատվություն պետք է լինի մեր կազմակերպության կողմից, իսկ մնացած 50 տոկոսը 10 տարվա ընթացքում առանց տոկոսի կվերադարձվի, որի դրամը նորից պետք է ներդնենք ուրիշ տներ սարքելու համար, շարունակական լինելու է»:
Ծրագրի իրականացման համար Գյումրիի ավագանին «Անի» թաղամասում արդեն հողատարածք է հատկացրել՝ նախկինում նույն բարերարների նախաձեռնած սոցիալական ծրագրերով կառուցված բնակարանների հարևանությամբ։ Համայնքը նաև կիրականացնի գազի, հոսանքի և ջրագծերի կառուցումը: Արդյոք բարերարները մտահոգություն չունե՞ն, որ տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով խավը չի կարողանա վճարել իր մասնաբաժինը, հետաքրքրվեցինք Հակոբյանից։
«Անցյալի մեր փորձը ցույց է տվել, որ երբ անձը սկսում է ներդրում անել, ընդհանրապես չի հրաժարվում՝ ինչքան էլ պարագաները նեղ լինեն, մինչև հիմա նման փորձառություն չենք ուեցել: Բայց հակառակ պարագայում եթե մեկն ուզի շահագործել, մենք պետք է դիմենք սովորական քաղաքային իրավաբանական միջոցների ու տեսնենք՝ ուր կհասնենք», - պատասխանեց ամերիկաբնակ բարերարը:
«Ազատության» հարցին՝ պարտադիր պայմա՞ն է, որ ընտանիքը պետք է վճարի 50 տոկոսը, Հակոբյանն արձագանքեց: «Այո, որովհետև ընտանիքներ պիտի լինեն, որ երբեք չեն կարող բանկից վարկ վերցնել, ընտանիքներ պետք է լինեն, որ երբեք իրենց միջոցներով չեն կարող, սա մի ձև օգնություն է, որ իրենք կարողանան ոտքի կանգնել և հպարտ լինեն իրենց տնով, որ իրենք են գնել, քան որ որևէ մեկը նվիրատվություն է արել»:
Գյումրիի տնակային 96 ավաններում շուրջ 3000 ընտանիք է շարունակում ապրել. նրանց շատ քիչ մասն է, որ երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակ ունի ու փոխհատուցում չի ստացել: Կառավարությունը հաշվառել է աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվողներին, բայց դեռ նրանց անօթևանության խնդրի լուծման տարբերակներ չի առաջարկել: Հավանական տարբերակներից մեկը համարվում է սոցիալական բնակարանների կառուցումը: «ԱՌՔ» հիմնադրամը չի բացառում, որ կարող են կառավարության հետ համագործակցել և նույն 50/50 հարաբերակցությամբ տնակներում ապրող ավելի շատ թվով ընտանիքների համար բնակարաններ կառուցել:
«Իդեալ կլինի, ես կուզեմ, որ այդպես մի միջոց լինի և ավելի մեծ մասշտաբով կարողանանք անել, մտածելու լուրջ հարց է», - ընդգծեց Հակոբյանը:
«Առք» հիմնադրամի հիմնադիր ամերիկահայ բարերարները նախկինում Գյումրիում երեք տասնյակից ավելի բնակարաններ են կառուցել տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար, բարերարները հոգում են նաև այդ ընտանիքների կոմունալ ծախսերը։ Նոր ծրագիրն, ըստ բարերարների, միջին եկամուտ ունեցողների համար է, որովհետև տնակներում ապրող այդ խմբի ընտանիքները գրեթե միշտ դուրս են մնացել աջակցության ծրագրերից, քանի որ առաջնահերթությունը տրվել է սոցիալապես անապահով ընտանիքներին: