Մատչելիության հղումներ

«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա»․ Փաշինյան


Երևանը շարունակում է պնդել՝ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտագության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար բանակցային հուսալի միջազգային մեխանզիմներ են հարկավոր։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի անպատիժ խախտումները նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Նման սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը դիպուկահար կարակոցով սպանել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին», - ասաց վարչապետը՝ նկատելով՝ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։

Գործադիրի ղեկավարը հիշեցրեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի գործողությունները՝ դրանք որակելով ագրեսիայի ակտ։

Փաշինյանը մանրամասնեց՝ Լաչինի միջանցի ապօրինի արգելափակման100-րդ օրը Ադրբեջանը 13-րդ անգամ անջատեց Արցախ գազամատակարարումը, 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված Թալիշ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները Ադրբեջանը քանդում է և փոխարենը կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։

Տեղի ունեցողը Հայաստանի վարչապետն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց համարեց։

Սրանով Ադրբեջանի ղեկավարաությունը ցույց է տալիս «ինտեգրացիայի» իր մոդելը՝ նկատեց վարչապետը՝ շեշտելով նաև՝ Բաքուն հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջում է հայերեն արձանագրությունները և հարցը համարում լուծված։ Սրանք ապօրինի գործողություններ են և հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, ասաց Փաշինյանը։

«Հիշեցնեմ՝ 7-րդ կետում ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք և փխստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։ Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով», - նշեց գործադիրի ղեկավարը։

Թալիշում Ալևի հայտարարությունը «Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ակտ է»

Փաշինյանն Ալևի՝ Թալիշում արած հայտարարությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ակտ որակեց, ինչպես նաև բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում։

Ադրբեջանի նախագահը մարտի 18-ին ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս՝ հավելելով, թե միայն այս դեպքում հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։

«Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել․ նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի հիշեցրեց Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները․ Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և հաստատում, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցով հանձնաժողովների աշխատանքների համար։

Ընդգծելով, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Փաշինյանը նկատեց՝ Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելեմիտիացիա անելու մասին։

Գործադիրի ղեկավարը սա բացարձակապես անընդունելի համարեց՝ ասելով՝ սա հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին և պայմանավորվածությունների իրագործման համար շեշտեց բանակցային հուսալի միջազգային մեխանզիմների կարևորությունը։

Ամփոփելով՝ Փաշինյանը եզրափակեց․ - «Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG