Մատչելիության հղումներ

Հատկապես Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը քարոզչական հող է նախապատրաստում նոր գործողության համար․ քաղաքագետ


Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս փուլում կարծես թե պատրաստվում է նոր էսկալացիայի, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Վկայակոչելով Բաքվի պաշտոնական լրահոսը՝ Գրիգորյանը նկատեց՝ հատկապես Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը քարոզչական հող է նախապատրաստում նոր գործողության համար։

«Անընդհատ խոսում են տարբեր ապօրինի զինված խմբավորումների գոյության մասին Արցախում, խոսում են նաև այն մասին, որ Հայաստանից Արցախ զենք և զինամթերք են տեղափոխում։ Վերջին իրենց այդ քայլը դիվանագիտական, երբ Արցախի ներկայացուցիչներին հրավիրեցին Բաքու՝ շատ լավ հասկանալով, որ այդ հրավերը մերժվելու է և այդ նպատակով էր արվել։ Այսինքն՝ փորձում են ցույց տալ, որ ղարաբաղյան կողմը ապակառուցողական է։ Այդ առումով, կարծում եմ, Ալիևը հնարավորությունների պատուհան է տեսնում ինչ-որ և հասկանում է, որ այդ պատուհանն անվերջ գոյություն չի ունենալու և փորձում է պարզապես ուժի կիրառման միջոցով հասնել իր մաքսիմալիստական նպատակներին Լեռնային Ղարաբաղում, բայց ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հայ-ադրբեջանական համատեքստի այլ օրակարգերում», - ասաց քաղաքագետը։

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ ընդգծելով, որ աճել է Ադրբեջանի ագրեսիվ հռետորիկան և քաղաքականությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը՝ թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Օրերս էլ Հայաստանի արտգործնախարարությունն ահազանգեց՝ Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի նախապատրաստման մասին։

Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Անկարայում անցկացված թյուրքական երկրների կազմակերպության գագաթնաժողվում հայտարարել է, թե Հայաստանը չնայած 2022 թվականին «Պրահայում և Սոչիում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դեռ ամբողջովին դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի տարածքից»։ Ալիևը նաև ասել է, թե «Հայաստանը խուսափում է Զանգեզուրյան միջանցքը բացելու պարտավորությունից՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի հայտարարության պայմանները և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»։

Տիգրան Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG