Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի Մարդու իրավունքների 2022 թվականի զեկույցում իրավիճակը Հայաստանի հարևան Ադրբեջանում խիստ բացասական է գնահատվել:
Ինչպես և զեկույցի հայաստանյան բաժնում, ադրբեջանականում էլ նշվել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին երկու երկրների ստորաբաժանումների միջև տեղի են ունեցել արյունալի բախումներ:
Բայց կա մեկ կարևոր հավելում՝ «ըստ հաղորդագրությունների, ադրբեջանական ուժերի կողմից գրանցվել են հայ զինծառայողների ապօրինի սպանությունների, նրանց նկատմամբ դաժան և մարդու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի դեպքեր»:
Մարդու իրավունքների այլ խախտումների մասին են վկայում Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ապօրինի և կամայական սպանությունների և անմարդկային ու ստորացնող գործողությունների մասին արժանահավատ տեղեկությունները:
Նշվում է, որ բանտերում ծանր և երբեմն կյանքը վտանգող պայմաններ են: Ադրբեջանում տեղի են ունենում ապօրինի ձերբակալություններ, կան քաղաքական բանտարկյալներ:
Արտերկրում հայտնված՝ ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ գրանցվել են քաղաքական հետապնդման փաստեր:
Ադրբեջանի դատարաններն անկախ չեն: Իրավապահների կողմից գրանցվում են մարդկանց անձնական կյանքին կամայական և ապօրինի միջամտություններ:
Ադրբեջանում էապես ոտնահարված է խոսքի ազատությունը, մամուլը խստագույն հսկողության տակ է, տեղի են ունենում բռնություններ լրագրողների նկատմամբ:
Զրպարտության մասին օրենքի կիրառումը խստորեն սահմանափակում է ազատ արտահայտվելու հնարավորությունը, լրագրողներին հալածում և կասկածելի մեղադրանքներով կալանավորում են:
Կառավարությունն էապես սահմանափակում է համացանցի ազատությունը, այդ թվում՝ արգելափակում է կայքերը:
Գործնականում արգելված է խաղաղ հավաքների անցկացումը, իշխանությունները սահմանափակում են միություններ ստեղծելու քաղաքացիների ազատությունը:
Սահմանափակված է ազատ տեղաշարժի իրավունքը, խստորեն սահմանափակված է քաղաքական գործընթացներին մարդկանց մասնակցության ազատությունը:
Կառավարող շրջանակներում կա կոռուպցիա, կան գենդերային հողի վրա հանցանքներ, գրանցվել են բիրտ հարձակումներ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա, առկա են երեխաների աշխատանքի չարաշահման վատթարագույն ձևերը:
ԱՄՆ Պետական դեպարտամենտի Մարդու իրավունքների 2022 թվականի զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվության չի ենթարկել մարդու իրավունքների խախտումներ և կոռուպցիոն գործարքներ կատարած պաշտոնյաների մեծ մասին: Անպատժելիությունն Ադրբեջանում ամենալուրջ խնդիրներից մեկն է:
2020 և 2022 թվականների ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումների կամ անհատների կողմից կատարված հանցանքների գործերով հետաքննություններում ոչ մի առաջընթաց չկա, զեկույցում ընդգծում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը: