Մատչելիության հղումներ

Արցախում փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկը


Փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը, այսօր պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը։

Արցախցիներին կտրոններ տրամադրվեցին հունվարի կեսերին։ Կտրոնային համակարգի անհրաժեշտության մասին արցախցիները խոսում էին շրջափակման առաջին իսկ տասնօրյակում, երբ խանութների դարակները դատարկվում էին, իսկ կառավարության պահուստներից տրամադրվող մթերքը շատ արագ անհետանում վաճառասեղաններից։

Պետնախարարն այսօր հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:

Արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներ ունենալով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար, իր հերթին հայտարարել է Վարդանյանը՝ շեշտելով՝ շատ գործ կա անելու։

«Այն աշխատանքները, որոնք սկսվել են, կշարունակվեն ավելի ակտիվ։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- ասել է պետնախարարը:

Խորհրդակցության ընթացքում նաև զեկուցվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, իսկ տնտեսական աջակցության ծրագրի մասով դիմումների ընդունումը սկսվել է:

Քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:

Արդեն շուրջ երկու ամիս է Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանքցը։ Արցախի 120 հազար բնակչությունը կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ․ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի խիստ պակաս կա։ Ճանապարհի արգելափակումն ուղեկցվում է նաև Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում պարբերական խափանումներով:

XS
SM
MD
LG