Մատչելիության հղումներ

Մեքենան եղել է մարդատար, զենք, ռազմամթերք չի եղել. Արցախից հերքում են


Արցախից հերքում են ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տեղեկությունը, թե ոստիկանության մեքենաներով այսօր Հայաստանից Արցախ փորձ է արվել ռազմամթերք տեղափոխել։

«Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել ընդհանրապես», - հայտարարել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ դա բացահայտ սուտ և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու փորձ անվանելով։

«Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին», - հավելել է պետնախարարը։

Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցել է Արցախի տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել է, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, ավելի վաղ տեղեկացրել էր Արցախի պաշտպանության նախարարությունը։

Բաքուն, իր հերթին, պնդել է, թե «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել, նաև հայտնել էր սեփական զոհերի մասին։

Պետնախարար Ներսիսյանը շեշտել է նաև, ոև վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք։

XS
SM
MD
LG